Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կռացած նրա մեջքը։ Հայրն գլուխն օրորում էր ներքին հրճվանքով և միաժամանակ խոր տարակուսանքով, նա զգում էր, որ որդու աշխատանքը մի բան է, բայց ի՞նչ բան է, չէր կարողանում ասել։ Մի ժպիտ, հեզասահ առվակի նման, գալիս տարածվում էր նրա դեմքի վրա, և ինչ֊որ լուսավոր մի ալիք հոսում էր, նույնպես հեզասահ առվակի նման, նրա հոգու մթության մեջ։

Բայց բրուտանոց էին լցվում հորեղբայրներն ու հորեղբորորդիները և խոժոռ նայվածքներ էին նետում Հովնաթանին. նա շորով փաթաթում էր աշխատանքը, թողնում, մոտենում պապի չարխին, որ այլևս իրեն էր պատկանում։ Չարխը դառնում էր աշխույժ։ Հովնաթանի մատների տակ կավն ստանում էր նորանոր և ապշեցուցիչ ձևեր։

Բայց Հովնաթանին այրում էին մարմնի ձևերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Հովնաթանին թվում էր, որ շնչում է կավը։ Մերկանում էր, վառում մոմը և մոմի օրորուն լույսով դիտում էր մարմինը և տեսնում էր, որ մարմնի ոչ մի կետ չի սառչում, այլ անվերջ փոփոխվում է. խորությունների և բարձրությունների անհուն մի ելևէջ, բայց երբ միևնույն մոմի լույսով դիտում էր ձևակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյություն չունի կենդանի մարմինը, ինքը ձևավորել էր մարմնի ընդհանուր երևույթը։

Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալ, ոչ մի գաղափար չուներ մոդելի մասին, բայց զգում էր, որ եթե մեկը լինի և նրանից վերցնի մարմնի ձևերը, ավելի ճիշտ կլինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մեջ նայելով, և Հովնաթանն զգում էր, որ դա բավական չէ։

ԺԱ

Եվ Հովնաթանը երկար ու չարչարալից երևակայությունից հետո, ինչպես մթնում պայծառացող տեսիլք, գտավ առկայծող ճրագը։

Մի երեկո, կտուրի վրա, մաքուր երկնքի տակ, այն ժամին, երբ մանուկները, պառկած զով և սպիտակ անկողին