Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներում, մի աստղ են մտքերում պահում, որ մյուսները գտնեն: Հովնաթանը մոտեցավ իր փոքրիկ եղբորը, շոյեց նրա գլուխը, որ նույնպես գանգրահեր էր, և ասաց.

— Ամենաշատը ի՞նչ ես սիրում, Դավիթ։

— Ձի,— պատասխանեց Դավիթը։

— Վաղը քեզ ձի նստեցնեմ։

Դավիթը թողեց աստղերի խաղը, փաթաթվեց պինդ մկաններով իր եղբորը՝ խելահեղ ուրախությամբ։

— Բայց առավոտյան կանուխ պիտի զարթնես, մի բան պիտի ասեմ՝ անես, կեսօրին քեզ ձի կնստեցնեմ։

— Կզարթնեմ,— խոստացավ Դավիթը։

Գիշերը, երբ աստղերը կախվեցին երկրի կտուրների և ծառերի վրա, իբրև արևի փշուրներ, օրորվեց Դավիթը ձի նստելու երազով և մանկական ջինջ երազում լսեց ձիու վրնջյունը։

Առավոտյան, երբ Հովնաթանը զարթեցրեց Դավթին, կապույտ լույս էր, առավոտյան սղոխն օրորում էր տերևները, ոչ մի շան հաչոց, միայն լսելի էր բնության շնչումը։

Հովնաթանը բաց արավ բրուտանոցի ծանր դուռը։ Մտան ներս։

– Ձին այստե՞ղ է,— հարցրեց Դավիթը։

– Ոչ,— ասաց Հովնաթանը և ժպտաց եղբոր միամտության վրա։

— Ապա որտե՞ղ է։

Հովնաթանը, առանց պատասխանելու գնաց, կավ բերեց, դարսեց իրար վրա բրուտանոցի հեռավոր անկյունում դրված իր կավակալի վրա։

— Դավիթ,— ասաց Հովնաթանը, ես ուզում եմ քեզ քանդակել, շորերդ հանիր և այստեղ կանգնիր։

Դավիթն իսկույն հնազանդվեց։

Հովնաթանն սկսեց քանդակել։ Աոաջին անգամն էր, որ մարդու մարմնի կենդանի ձևերը հայտնաբերվում էին իր աչքերի առաջ։ Քանդակում էր նա արագ և հափշտակված։

Դավիթը, մերկ և անշարժ, մրսում էր բրուտանոցի ցուրտ խոնավությունից, բայց Հովնաթանը չէր զգում այդ։ Դավիթն ինքն էլ չէր անդրադառնում, որովհետև ապշահար և զմայլագին դիտում էր ձևավորվող կավը։