Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանկարծ բախվեց բրուտանոտի դուռը։

— Հագի՛ր,— ասաց Հովնաթանը և ինքը թաց շորով ծածկեց կավը ու բաց արավ դուռը։

Ներս մտան հայրը և հորեղբայրները։ Երեմիան զարմացավ՝ տեսնելով Դավթին բրուտանոցում բրուտներից առաջ։

— Ինչո՞ւ ես եկել,— հարցրեց հայրը։

— Ձի պիտի նստեմ,— պատասխանեց Դավիթը կերկերուն ձայնով, որովհետև դեռևս դողում էր նրա ծնոտը ցուրտ խոնավությունից։

Հովնաթանը կատարեց խոստումը։

Կեսօրին նստեց նա ձին, կռացավ, բռնեց Դավթի թևից, բարձրացրեց, նստեցրեց իր առաջը, պինդ գրկեց և խթանեց ասպանդակներով։ Ձին թռավ աշնան վարած արտերով, որ կարմիր էին, փխրուն և հոտավետ։

Դավթին թվաց, որ իր լսած հեքիաթներից մեկումն է. ահա հեքիաթի նժույգը, ինքը վրան, թևերը բացած, կուրծքն ուռած քամուց, կայծակնաբիբ աչքերով, սլանում է, և ահա կհասնեն ամպերին, կմխրճեն իրենց գլուխներն ամպերի սպիտակ կույտերի մեջ։

Եվ ամեն առավոտ, կապտավուն լույսին, Հովնաթանը և Դավիթը բաց էին անում բրուտանոցի ծանր դուռը, մտնում ներս և սկսում աշխատանքը։

Բարձրանում էր և հետզհետե ձևավորվում մի հասակ՝ առույգ ու թեթև։

Վերջին օրը, երբ Երեմիան տեսավ մանկան արձանը, իր սեփական մանկան, սեփական որդու ձեռքով կերտված, նայեց Հովնաթանին, և աչքերը լցվեցին արցունքով։ Երկար ժամանակ էր նրա աչքերը, այրված արևից, քամուց և հնոցի բոցից, չէին զովացել այսպիսի արցունքներով։ Վաստակավոր բրուտին թվաց, որ վերադարձան իր երիտասարդության օրերը, նրա ռնգունքները լայնացան կավի հին և զգլխիչ բույրից։

Հովնաթանը չհասկացավ հոր արցունքների իմաստը։

— Ինչո՞ւ ես լաց լինում, հա՜յր,— հարցրեց։

Անդրեասի որդին չպատասխանեց. դիտեց Հովնաթանի հասակը և օրորեց գլուխը։

— Հավատ չունես, հա՛յր,— ասաց Հովնաթանը։