Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր, որի հետ այնքան լողացել էր։ Նա փոխվել էր բոլորովին։ Մանկությունից ոչինչ չէր մնացել, կարծես մի օտար, անծանոթ աղջիկ էր, որ պատահաբար ընկել էր իրենց ավազանը։ Նրա ստինքները, դողահար՝ ջրի զովությունից, կարծես թռչում էին ջրից դուրս, մարմինը լցվել էր, կլորացել, ոսկորների ոչ մի հետք չէր երևում։

Եվ Հովնաթանը մտադրեց քանդակել քրոջը։

Արդյո՞ք կհամաձայներ Մարգարիտը։ Այո՛, Մարգարիտը եղբորը ոչինչ չէր մերժի։ Եվ բոցավառվեց Հովնաթանի երևակայությունը, նրան պատեց ստեղծագործության մի նոր և անօրինակ դող, մի աննախընթաց սարսուռ։

Հանկարծ լսեց ջինջ և զիլ մի ձայն.

— Հովնաթա՜ն… Հովնաթա՜ն…

Հովնաթանը գլուխը բարձրացրեց խոտերի միջից և տեսավ քրոջը, որը եղնիկի թեթևությամբ վազում էր իրեն։ Հովնաթանն ընդառաջեց նրան, և նրանք գիրկընդխառնվեցին։

— Մարգարի՛տ,— շշնջաց Հովնաթանը,– արի՛ քեզ տանեմ բրուտանոցը և մի բան ցույց տամ։

Մարգարիտը բռնեց իր գանգրահեր և կապուտաչյա եղբոր ձեռքը, և նրանք քայլեցին դեպի բրուտանոցը։

Մարգարիտի մազերից քամվում էր ջուրը, գալիս հասնում էր ծամերի ծայրին, կախվում՝ ինչպես ցողը խոտից ու տերևից, և կաթում կրծքի և ուսերի վրա։

Երբ նրանք բրուտանոց հասան, ոչ ոք չկար, բանթող էր, որովհետև ղողանջում էր մատուռի իրիկնային զանգը։

Բացվեց բրուտանոցի ծանր դուռը։

Մարգարիտը դողդոջուն քայլերով մտավ ներս։ Նա դողում էր և՛ իրիկնային զովությունից, և՛ ինչ֊որ անծանոթ վախից։

Բրուտանոցի դուռը բացած ժամանակ Մարգարիտը նայեց եղբոր աչքերին և նրան թվաց, որ երկու փոքրիկ կանթեղներ են վառվում նրա սև ու խիտ հոնքերի տակից։

Երբ նրանք կանգնեցին Դավթի սքողված արձանի դիմաց, Մարգարիտը շշնջաց.

— Հովնաթան, վախենում եմ։

— Ինչո՞ւ։

— Չեմ իմանում։