Եվ նրա քայլերն ուղղվեցին դեպի մեծ ճանապարհը։
Մայրամուտից առաջ նա հասավ Չոր Աղբյուրը, որտեղ նրան դիմավորեցին Մարգարիտը և Դավիթը։
Հովնաթանը կանգ առավ՝ տեսնելով եղբորը և քրոջը։ Նա խոսեց նրանց հետ, բայց աչքերը հառել էին հեռո՜ւ, հեռո՜ւ։
— Հայրիկը տվեց այս ոսկիները, որ ճանապարհին ծախսես,— ասաց Դավիթը։
— Այս էլ քո սպիտակեղենները,— ասաց Մարգարիտը։
Հովնաթանին թվաց, որ մի վայրկյան վերակենդանացավ դարերով չորացած աղբյուրը և կարկաչեց մեղմ ու գորովագին։
Հովնաթանը գրկեց քրոջը, համբուրեց և ասաց.
— Արթո՛ւն եղիր, որ քո մարմինը չխոշտանգեն կյանքում, այդ մարմինը ոչ մի ժամանակ այնպես սրբությամբ չի օգտագործվի, որքան ես օգտագործեցի իմ կավի համար, զգո՛ւյշ եղիր կյանքից, քո՛ւյր։
Մարգարիտը ոչինչ չպատասխանեց և թափեց դառնագույն արցունքներ։ Մթնշաղ էր արդեն, երկնքում բացվում էին աստղերը։ Հովնաթանը, տեսնելով քրոջ արցունքները, մտածեց, որ այդ արցունքները կթռչեն դեպի երկնքի բարձունքները, և այդ գիշեր կավելանա աստղերի թիվը։
Ապա Հովնաթանը համբուրեց իր փոքրիկ եղբորը, շոյեց նրա գանգրահեր գլուխը, ոսկիները դրեց գրպանը, սպիտակեղենների ծրարը նետեց ուսին, ինչպես մաղախը ճամփորդի, և շարունակեց ճանապարհը առանց ետևը դառնալու։
Մարգարիտը և Դավիթը Հովնաթանին հետևեցին աչքերով՝ մինչև ճանապարհը թաղվեց արտերի կանաչում և էլ չերևաց Հովնաթանը։
Նրանք տուն հասան, երբ լիալուսինը, ինչպես արյունաթաթավ գլուխը մարտիրոսի, բարձրանում էր լեռան քաղաքի հին ամրոցի պարիսպների ետևից։
Նրանց վերադարձով խզվեց տան լռությունը։
Մայրը վեր կացավ, մի քանի կրակ դրեց խնկամանի մեջ և մի քանի պտղունց խունկ նետելով վրան՝ ման ածեց տան բոլոր անկյունները։
Խնկի հոտը բարձրացավ օղակ առ օղակ, լցրեց տունը մեռելային բույրով։