Լռության և մթության մեջ լսվում էր Երեմիայի հեկեկանքը, աղեխարշ և միալար։
Հովնաթանը գնաց, և ոչ մի լուր չեկավ նրանից։
Մայրը երգ կապեց նրա վրա, երգեց և լաց եղավ։
Հայրը ամեն անգամ պապի չարխը դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ՝ ձևավորված անոթների վրա։
Մարգարիտն ամուսնացավ և կորցրեց իր մարմնի վարդը։
Դավիթը մեծացավ, չսիրեց բրուտանոցի աշխատանքը և մտավ առևտրական ասպարեզ։
Եվ մի օր, երբ Երեմիան, չարխի վրա նստած՝ մի փարչ էր ձևավորում, ձեռներն ու ոտները հանկարծ կանգ առան, ճգնեց վերջին լարումով շարունակել աշխատանքը, բայց չկարողացավ. նրան գրկեցին, դրին սայլի վրա և տարան տուն։
Տան շեմքից լսեց նա գանգրահեր և կապուտաչյա որդու դժբախտ մոր լացը և երգը։
Պառկեցրին նրան անկողնում, և Անդրեասի որդի Երեմիան, առանց ցնցումների, առանց մահվան սարսափի, փակեց աչքերը լռությամբ ու խաղաղությամբ։
Նրան թաղեցին պապի կողքին։
Երեմիայի մահից մի տարի անց՝ մեռավ Երեմիայի կինը, երբ մի երեկո, ըստ երկար ժամանակի սովորության, խունկ էր ծխում և երգում որդու վրա կապած երգը։
Դավիթը քաղաքում չէր, նա գնացել էր հարավային երկրներ՝ ապրանք բերելու։
Վերադարձին նա գտավ ծնողներին հանգչած վերի ավազանի գլխին, պապի կողքին։ Նա խաչ հանեց և մի քանի կաթիլ արցունք թափեց ու հիշեց Հովնաթանին, որի կարոտը քայքայեց ծնողներին։
Դավիթն այլևս չուզեց մնալ այդ աշխարհում, վաճառեց ունեցվածքը, գաղթեց դեպի հարավ, որովհետև այնտեղ նրան դյութել էր մթին գույնով մի բոցավառ աղջիկ։
Գնալիս համբուրեց իր մեծ քրոջը և ասաց.
— Գերեզմաններին լավ մտիկ տուր։