նրանցից ամեն մեկին չէր հանդիպել մի մարդ, որ ավելի բարոյական լիներ, քան Հովնաթանը:
— Բոզեր է տանում աշխատանոցը, մերկացնում ժամերով,— բամբասում էին նրանք, որոնք այդ միևնույն բոզերի հետ գիշերներն էին անցկացնում։
Երբ մարդիկ, բամբասանքից այրվող մարդիկ, տեսան, որ արվեստագետը դույզն արժեք չի ընծայում իրենց բամբասանքներին, հնարեցին ուրիշ բամբասանք։
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Երեմիայի որդի Հովնաթանին,— ասում էին նրանք,— գնաց, աշխարհներ թափառեց, վերադարձավ լայնեզր գլխարկով, բայց անպետք մի արարած է, ուտում է իր քրոջ ամուսնու հացը։
«Այրում էր Հովնաթանին վերջին բամբասանքը՝ ուտում է քրոջ ամուսնու հացը»:
Եվ կերած հացը հետզհետե մնում էր կոկորդում ու կուլ չէր գնում։
Սկզբներում նա երբեք մտադրություն չուներ վաճառելու իր աշխատանքներից մեկնումեկը, բայց երբ հացը մնաց կոկորդում, զիջեց և հայտարարեց վաճառք։
Մի մեծ բազմություն հավաքվեց նրա աշխատանոցը, դիտեց, զմայլվեց, բայց ոչ ոք ոչինչ չգնեց։
— Առնենք ի՞նչ անենք,— մտածեցին բոլորը։
— Եթե փող տամ մի բանի, գոնե փորս կշտացնի,— տրամաբանեց մեծամասնությունը։
Որքան որ Հովնաթանը վաճառք էր հայտարարել և սպասում էր ծախել իր աշխատանքներից մեկնումեկը և գեթ ժամանակավորապես ազատվել քրոջ ամուսնու հացից, բայց երբ պատկերացնում էր, որ ահա վաճառվեց մեկը և տանում են… հոգին դողդոջում էր այդ հեռապատկերից։
Եվ ոչ մի աշխատանք չվաճառվեց։ Հուսահատությունը, ինչպես երկաթյա շղթա, պատեց նրան։
Վերջապես, Հովնաթանը միտք հղացավ դիմել ազգին, որպեսզի ազգն ինքը վերցնի բոլորը, տա որոշ գումար, պայմանով, որ բոլորը միասին ցուցադրի դահլիճում։ Ազգին պատկանող այսպիսի դահլիճներ բազում էին։
— Վարժապե՛տ,— ասաց թեմի առաջնորդը, որ եպիսկոպոս էր և ազգն էր ներկայացնում,— թագավոր քանդա