Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիր, Քրիստոս քանդակիր, սուրբ առաքյալք քանդակիր, քեզ փող տամ։

— Երկու օրից պատասխան կտամ, սրբազա՛ն,— ասաց Հովնաթանը և հեռացավ:

Հուսահատությանը փոխարինեց զայրույթը և ցցվեց նրա աչքերում՝ ինչպես մերկ և ոճրի պատրաստ դաշույնը:

Երկու օր անց՝ առաջնորդարանի ծառաները, գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ, հանդիսավորությամբ սրբազանի առաջ դրին մի ծանր տուփ, որ նվեր էր ստացված սրբազանի համար։

— Բա՛ց արեք,— հրամայեց սրբազանը հազալով և միրուքը շոյելով։

Դահլիճում, աջ և ձախ, բազմել էին ազգի երևելիները։

Գլխավոր քարտուղարն ինքը բաց արավ տուփը, քանդելով խնամքով կարմիր ժապավենները։

Երբ դուրս բերվեց նվերը, բոլորն ապշահար մնացին իրենց տեղում, ոչ ոք չհամարձակվեց նայել սրբազանին, իսկ սրբազանի միրուքը վետվետում էր, որովհետև դողում էր նրա ծնոտը զայրույթից։

Նվերը մի մինիատյուր արձան էր՝ երկու ֆիգուրայով։ Մի ֆիգուրան ինքը՝ սրբազանն էր, իսկ մյուսը՝ Հովնաթանը, բռունցքը երկարած սրբազանին, բթամատը սրբազանի ճիշտ քթին։

— Նզո՛վք,— հանկարծ գոռաց սրբազանը։

Ազգի երևելիները վեր ցատկեցին բազմոցներից և քարացան։ Երկար քարացումից հետո՝ երևելիներից մեկը մի քիչ առաջ եկավ, խոնարհվեց և ասաց.

— Մի՛ զայրանաք, սրբազան, լավ չէ ձերդ սրբության մարսողության համար։

Սրբազանը աջ ձեռքը, որի ցուցամատի վրա կար զմրուխտի մեծ ակով մի ոսկյա մատանի, տարավ փորին և շփեց բավականությամբ։

Հուսկ ապա հրամայեց սրբազանը.

— Տարեք այս զիբիլը և փշրեցեք։

Գլխավոր քարտուղարը կանչեց ծառաներին: Նրանք վերցրին արձանը և տարան։