Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այնպես արա՛, որ ո՛չ ոք չիմանա, թե ես քեզ հաց եմ տալիս,— խնդրեց փեսան:

— Խոստանում եմ, բայց շուտով կհասնի մահը, և դու կազատվես երկու օրից,— շարունակեց Հովնաթանը խաղաղությամբ և աչքերի արտակարգ փայլով:

Մարգարիտի ամուսինը նորից փաթաթվեց նրան և ասաց.

— Ների՜ր ինձ։

Հովնաթանը ժպտաց՝ ցույց տալու համար իր ներումը և անդորրությունը։

Ի

Երեկոյան Հովնաթանը փոխադրեց իր անկողինը ներքնահարկը։

Գիշերը, մենակ նստած թաց կավի կույտի առաջ, խոսեց այսպես.

«Կա՛վ, հասել է ժամը, որ ես պիտի կերտեմ քեզանով իմ վերջին քերթվածը: Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկային թշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու լապտերը, չոքում է խավարը։ Կա՛վ, դո՛ւ ես ամեն բանի նախանյութը, դու ես նախաձևը, դու ես, որ բոսորացնում ես վարդը, դու ես, որ բարձրացնում ես ծառերը և կախում ես ճյուղերից երփներանգ մրգերը, դու ես, որ բաշխում ես հացը, դու ես, որ կերպարանափոխվում ես, հար և հավիտյան, բյուրավոր սքանչելի ձևերով, դու ես, որ էիր, կաս և պիտի լինես, տո՛ւր ինձ քո ընդերքի անիմանալի և անհաղթելի ուժը»։

Արվեստագետը խոսում էր բարձրաձայն, և նրա ձայնը կարծես բխում էր հոգու արևային հատակից կես֊գիշերի մենակության և մթության մեջ։

Եվ հանկարծ նրա աչքին, ինչպես հրաշալի տեսիլք, ինչպես մութի արգանդից հառնող լույսի զվարթ մի շող, պարզվեց ու բարձրացավ մի նոր ստեղծագործության ծրագիր:

Նա հարձակվեց կավի քաոսային կույտի վրա և սկսեց արագ, տենդագին ու հափշտակությամբ ձևավորել այդ տեսիլքը՝ մինչև բողոքեցին նրա հոգնած ոսկորները։

Երբ նա երկարեց անկողնում և քաշեց վերմակը վրան,