Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան թվաց, ու ընկղմվեց մի խոնավ նկուղի մեջ: Անկողինը թաց էր, որովհետև ներքնահարկը չափազանց խոնավ էր, մանավանդ միշտ թրջած քանակությամբ կավի գոյությունից։

Առավոտյան Մարգարիտը նախաճաշ բերեց։ Հովնաթանը, երբ բաց արավ աչքերը և տեսավ քրոջը, որ նայում էր իրեն գորովանքով, ժպտաց։ Մարգարիտին թվաց, որ նրա կապույտ աչքերից բացվեց այգը։

Օրը բոլոր Հովնաթանն աշխատեց։ Ավելի և ավելի էր ձևավորվում նրա տեսիլքը. ահա մի բլուր, բլրի մի կողքին՝ ծերունիներ, կանայք, աղջիկներ և երիտասարդներ, որոնց սրունքներին փաթաթված են ահաբեկված մանուկներ, մի քանի կանայք ծծկեր երեխաներով, բոլորն էլ ցնցոտիապատ։ Մանուկները մերկ, բոլորն էլ հողմածեծ և հալածական, մազերը մրրիկից գզգզված՝ դիմում են դեպի բլրի գագաթը, իսկ բլրի գագաթը բարձրանում էր մի ամեհի մարդ` ջահը ձեռքին: Բոլոր ֆիգուրաներն էլ ձգտում էին դեպի այդ ջահը։

Հովնաթանն աշխատում էր արագ և տենդագին, որովհետև նրա առողջությունը դառնում էր սպառնալից, նա շտապում էր, որպեսզի կավից հետո սկսեր քանդակել այն՝ սպիտակ քարից, բնական մեծությամբ։ Նա զգում էր, որ մահը համառ և ծանր քայլերով, մոտենում է։ Ոչ մի երկյուղ չէր զգում, սակայն, մահից, նա միայն ցանկանում էր ապրել այնքան, որ կարողանար քանդակել իր հուշարձանը քարից։

Եվ ահա մահվան դիմաց՝ նա ձևավորում էր մարդկային տառապանքը — մկանների գալարում, ճղակոտոր ոսկորների տանջանք, բացված և բլրի գագաթը ձգտող թևեր, կույր և խոր աչքեր, հողմից ծեծված ցնցոտիներ, մանուկների պակուցում և սրունքների հոգնածություն։

Մարգարիտը, տեսնելով եղբոր օրեցօր դալկացող դեմքը, մեղրամոմի նման դժգույն ձեռքերը և աչքերի արտակարգ պայծառությունը, խորապես մտահոգվում էր նրա առողջական վիճակով։

— Պետք է Հովնաթանին վեր փոխադրել, պետք է նրան միառժամանակ ազատել աշխատանքից,— շշնջաց Մարգարիտն ամուսնուն, երբ նրանք բակի հին թթենու տակ կանգնած՝ խոսում էին Հովնաթանի մասին։

— Այո, պետք է փոխադրել,— համաձայնեց ամուսինը։