Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք միասին իջան աշխատանոցը և ստիպեցին Հովնաթանին փոխադրվել վերև և երկար Ժամանակով հանգստանալ:

— Վաղը կվերջացնեմ աշխատանքը և երեկոյան կփոխադրվեմ,— խոստացավ Հովնաթանը:

Նրա ձայնը հնչում էր օտարոտի:

Կեսօրից հետո Հովնաթանը երկար աշխատեց մի քանի մանրամասնությունների վրա։

Երեկոյան շուտ պառկեց՝ բոլորովին հոգնած, գրեթե ուժասպառ։

Նա զարթնեց կապույտ լույսին, սրտի անհանգստությունից։

Օդը չէր բավում։ Վեր կացավ։ Ինչ֊որ տարօրինակ զգացում պատեց նրան։ Բովանդակ շրջապատը փոխված էր թվում։ Մոտեցավ լուսամուտին։ Բաց արավ։ Շնչեց առավոտյան թարմ օդը։ Կարծես մի քիչ կազդուրվեց։ Թարմ օդը շնչեչիս՝ նա մտածեց մահվան մասին, դարձավ, նայեց հուշարձանին և կարոտագին մոտեցավ նրան, վերցրեց ամենանուրբ գործիքը — փորձեց աշխատել, բայց ձեռքը թուլացավ։ Հովնաթանն զգաց, որ աշխարհի դուռը փակվում էր իր դեմ, մարմինը դավաճանում էր, բայց նա վերջին անգամ հավաքեց իր հոգու ամբողջ ուժը, կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտների տակ գրեց — ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

Գրելուց հետո՝ ժպտացին նրա կապույտ աչքերը: Նստեց աթոռին, աջ արմունկը հենեց կավակալին, ձախ ձեռքը դրեց բլրի ստորոտը, ճակատը հպեց սառը կավին, ճգնեց շնչել, բայց օդ չկար։

Հովնաթանը խաղաղությամբ փակեց աչքերը։

Մարգարիտը, ամեն օրվա նման, առավոտյան իջավ աշխատանոց նախաճաշով։

— Այս գիշեր նորից չի քնել,— շշնջաց նա, երբ տեսավ Հովնաթանին՝ կավակալի վրա ընկած։

Մարգարիտը մոտեցավ, բռնեց եղբոր ձեռքը։ Սառը։ Գրկեց գլուխը, շրթունքները տարավ ճակատին: Սառը, սառը:

Բարձրացավ սրտակոտոր ճիչ:

Մի քրոջ սիրտ նկուղում ողբում էր եղբորը: