Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդրեասն սկսեց շինել կիսախողովակաձև աղյուսներ, որպեսզի կտուրները ծածկվեն այդ աղյուսներով։

Սկզբում դաշտեցիները չհավատացին, թե այդ կիսախողովակաձև աղյուսները կարող էին անձրևները պահել տների ներսը հոսելուց, ուստի ԱՆդրեասը քանդեց իր տան կտուրը և վերաշինեց այն այդ աղյուսներով։ Օրինակը վարակիչ դարձավ, և հաջորդ տարին կիսախողովակաձև աղյուսները հացի պես ծախվեցին։

Կարմիր կղմինդրներով ծածկված կտուրները պարտեզներում և այգիներում նման էին վարդե փնջերի, բոլորված կանաչ տերևներով։

Այս նոր տեսակի աղյուսը շինելու համար Անդրեասը դարձյալ ուներ պարզ մի ձև. կավը թափում էր մի կիսագլանի վրա, վրան դնում մի ուրիշ կիսագլան` արանքում թողնելով մի բաց շերտ, կիսագլանը քաշում էր դուրս` թողնելով, որ կավը չորանա։ Չորանալուց հետո թրծում էր հնոցում, ինչպես պարզ աղյուսը։

Տները շատացան դաշտում։ Շատացան ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս և ամեն շաբաթ։ Ի՞նչ գործ ունեին այլևս լեռան գագաթում, մանավանդ ձմեռը պարզապես ահարկու էր այնտեղ, բուք ու բորան, կապարյա երկինք, սառնամանիք, լեռան գագաթը կտրվում է աշխարհից ամիսներով, իսկ գարնան վերջերում և ամառը երկնքի խորքերից ճայթում է ամպրոպը, կայծակը խփում սպիտակ քարե տներին և կիսում դանակի նման։

Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները։

Եվ Անդրեասը հիմքը դրեց աոաջին բրուտանոցի։ Սա ընդարձակ և ցածր առաստաղով մի «սրահ» էր փոքր լուսամուտներով, երկարաձև, ինչպես նավը։

Եվ դաշտեցիները չմնացին իրենց պարտեզներում և այգիներում. նրանք կապեր հաստատեցին ուրիշ քաղաքների հետ, ու նրանց հետ կապեր հաստատեցին ուրիշ աշխարհներ։