Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջ, երբ դաշտի բարիքը փոխադրում էին լեռան գագաթը, շուկա էին հանում հին ամրոցում, այժմ դաշտի բարիքը բյուրապատկված առատությամբ, դուրս էր բերվում նոր քաղաքի ընդարձակ հրապարակը։ Բարիքը լցվում էր այդ հրապարակում, լցվում և բլրանում։ Ամրոցն ամայացավ, ինչպես մեռած ուրուրների բույնը, դարձավ հին մի հուշ, իսկ նոր քաղաքի հրապարակը ծաղկեց և հարստացավ։

Հին գետի ափերով, հարավի արեգակի շողով ու բույրով գալիս էին ուղտերի քարավանները, բերում հարավի քաղցրությունն ու գույնը, փոխում դաշտի հարստության հետ և հեռանում։ Նրանց բոժոժների համերգը վերջանում էր աշնանը, իսկ գարունը սկսվում էր նրանց բոժոժների երգով և դաշտի անձրևով։

Անդրեասը, բացի երկու տեսակի աղյուսից, սկսեք շինել և արդեն կանոնավոր խողովակներ, որոնք գործածվում էին լեռան ստորոտից տները ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր, զանազան չափի և ձևի ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և երկարավիզ սրվակներ։

Պարզ, անարվեստ բրուտը սկսեց տալ ազնվագույն կավին իր երևակայության նախնական պարզ ձևերը։

Այս բոլորի համար Անդրեասը բրուտանոցում դրեց չարխեր, որոնց վրա արդեն սկսեցին աշխատել իր չորս որդիներից առաջին երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։

Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր սերունդը, որ աճում էր իր արյունով։

Եվ նա առանձին խնամքով և ուշադրությամբ հետևեց իր որդիների արհեստի տիրապետմանը։

— Երեմիա՛, որդի՛ս,— ասում էր Անդրեասը,— չկա աշխարհում մի բան, որին կարելի լինի ավելի ձևեր տալ, քան կավը, մանավանդ այս կավը։

Եվ Անդրեասի որդիներն աշխատում էին բրուտանոցում՝ միշտ ունկնդիր վարպետ բրուտին, որ իրենց հայրն էր։

Բրուտանոցում հով էր, կավի զգլխիչ բույրով հագեցած։ Չարխերը դաոնում էին, և բրուտների ձեռքերի տակ լպրծուն կավը պտտվելով այնպես, ինչպես ինքը՝ մայր֊երկիրը, վերածվում էր կանոնավոր և իմաստուն ձևերի: Կավի կոշտ և քաոսային զանգվածը երբ դրվում էր չարխի սեղանի վրա,