Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բրուտանոցներում ոչ մի ոտ չէր կոխում, չարխերը սառչում էին, դարակներից գինու կժերը նայում էին տխուր և մռայլ, որովհետև նրանց ընդերքը դեռ չէր ալեկոծել գինու ջերմությունը։

Ծերունի Անդրեասը, բոլորված իր որդիներով, աղջիկներով, հարսներով և թոռներով, կարդում էր Ավետարանը, մագաղաթյա հոտավետ գրքերը և պատմում լեռան քաղաքից, քարտաշ Դավթից և ամրոցից:

Զ

Դաշտի առաջին բրուտը, Անդրեասը, որ առաջին անգամ աոաջին աղյուսը թափեց, տեսավ թոռների զավակներին և տեսավ առաջին ծոռին:

Անդրեասի որդիները, թոռներն ու թոռների զավակները սովորեցին ձևավորել կավը: Նրանք երբեք չիմացան, թե երբ և ինչպես սովորեցին, սովորեցին այնպես, ինչպես երեխաները սովորում են ձեռները տանել բերանները։

Ծերունի բրուտին, սակայն, մի խոր ցավ էր տանջում։ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ: Հիսունն անց՝ կորցրեց Երեմիան իր անպտուղ կնոջը, դարձավ տխուր, մռայլ և հուսահատ։

Մի օր Անդրեասը կանչեց իր անդրանիկ որդուն և ասաց.

— Բոլորս էլ հող պիտի դաոնանք, որդի՛, բայց անպտուղ հող դառնալը մեղանչում է աստծո դեմ, որ երկնքումն է: Ամուսնացի՛ր, որդի, դեռ ջահել ես, դեռ ծառդ կծաղկի և պտուղ կտա:

Երեմիայի աչքերը փայլեցին երիտասարդ օրերի նման, արյունը սուրաց երակների մեջ։

Եվ Անդրեասի տունը մտավ մի երիտասարդ հարս, որը, հակառակ իր տարիքին, համարվեց մեծ հարսը՝ իբրև անդրանիկ զավակի կինը:

Եվ Երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզզույն պտուղներ։

Ծերունի Անդրեասն ուրախացավ, փարատվեց ցավը նրա հոգուց, և պատրաստվեց մեռնելու խաղաղությամբ։

Նա սիրում էր Երեմիայի անդրանիկ որդի Հովնաթանին,