Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բրուտի ոտները պտտացնում էին անիվը, ոչ ոք չէր կարող գուշակել, թե կավի այդ կոշտ զանգվածը ինչ ձև էր ստանալու: Լպրծուն կավը նախ կլորանում էր, լայնանում ինչպես հղի կնոջ փորը, ապա նեղանում, նեղանում դառնում էր երկար մի վիզ, ինչպես վիզը կարապի, և հանկարծ մի փայտիկի ծայրով կտրվում էր, և ահա պատրաստ է հողե երկարավիզ անոթը։

Գինին երբ հոսում էր այդ անոթից, երգում էր ինչպես գարնանային առվակը: Դաշտի բնակիչները ջուրը, գինին և թանը խմում էին Անդրեասի բրուտանոցում շինված և նրա հնոցում թրծված հողե կարմիր թասերով, խմում էին անհատակ բավականությամբ։ Ջուրը լցնում էին կարմիր և թեթև կժերի մեջ, կախում ծառերի հովում և երբ ըմպում էին` ատամների էմալը չէր դիմանում սառնությանը և քայքայվում էր:

Գիշերները նրանք ջրով լիքը կուժը կախում էին լուսամուտներից դուրս, հյուսիսից փչող քամու աոաջ, և նրանք, որոնք իրիկունն առատ գինի էին խմել և մարմինները տոչորվում էին ծարավից, վեր էին կենում, բաց անում լուսամուտը, քաշում կուժը բերանները և խմում։ Խմելիս երգում էր թե՛ կուժը, թե՛ կոկորդը։

Նոր քաղաքի շուրջը փոքրիկ գյուղեր ցանվեցին, կարմիր կտուրներով և կարմիր աղյուսե պատերով։ Կարմիր պատերին մագլցեցին դդմենիները, և պատերի կարմիր ֆոնի վրա կախվեցին դեղին դդումները։

Աշնան վերջերին, երբ դաշտային աշխատանքը վերջանում էր, էլ խաղմուղը փրփրում հնձանում, դաշտը բոլոր դեղնում էր և կարմրում։ Աշնան արևի տակ դեղին և կարմիր տերևներն օրորվում էին օդում ու ծփում կիսամերկ ծառերի տակ։ Թռչունները գաղթում էին դեպի հարավ, ողջ դաշտը թողնելով սառնամանիքի փոքրիկ հերոսին` ճնճղուկին։

Ձմեռը կանայք բամբակի բոժոժներ էին մաքրում, ծամոն ծամում, հղիանում, անվերջ շաղակրատում և ծիծաղում, տղամարդկանցից գաղտնի լպստված պատմություններ պատմում, իսկ տղամարդիկ խմում էին թանձր, թանաքի նման մուգ գինին և քնում։

Իսկ բրուտանոցում լռության էր և ցուրտ։ Կավը սառչում էր, եղյամ կապում՝ սպիտակ և փածկլտուն: Ձմեռը բոլոր՝