Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը

(ելույթ 2007թ․ հոկտեմբերի 26֊ի հանրահավաքում)

Սիրելի հայրենակիցներ,
1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»։ Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու Հայաստանի առջեւ կանգնած ներկա մարտահրավերները։

Սեպտեմբերի 21-ի ելույթում ես ընդամենը կատարել եմ մեկ-երկու շեշտադրում, որոնց արձագանքներն ինձ այժմ թելադրում են՝ դրանց անդրադառնալ ավելի հանգամանորեն եւ փաստարկված։

Սկզբից եւեթ հարկ եմ համարում զգուշացնել, որ ես տալու եմ զուտ քաղաքական գնահատականներ՝ հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա։ Այդ գնահատականները, հետեւաբար, իրավական ուժ չունեն եւ ամենեւին չեն սասանում ստորեւ հիշատակվելիք անձանց անմեղության կանխավարկածը։ Քանի դեռ չկան եւ չեն լինի դատական կարգով ընդունված վճիռներ՝ նրանք նույնքան անմեղ են, որքան այս հրապարակում կանգնածներից յուրաքանչյուրը։