Jump to content

Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը

Արդեն հիշատակված իմ ելույթում Հայաստանի ներկա իշխանությունը ես բնութագրել էի հետեւյալ խոսքերով. «Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը»։

Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է «կլեպտոկրատիա», բառացի՝ «գողապետություն»։ Սակայն ես կնախընտրեի «ավազակապետություն» բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունը անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային։

Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով։ Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է, կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ կոչեցյալը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական ծրագրերի իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են խոսում հայրենասիրությունից, պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից։