Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան ու ամենօրյա գոյապայքարի։ Կիսադատարկ գյուղեր ու ցաքուցրիվ ընտանիքներ. ահա սա է Հայաստանի իրական պատկերը։

Ասվեց արդեն, որ երկրի բնակչության գլխավոր եկամուտը արտերկրից կատարված դրամական փոխանցումները կամ տրանսֆերներն են, որոնց ծավալի շուրջ 40 տոկոսը, դոլարի կուրսի անշեղ անկման պատճառով, այլեւս չի հասնում իր հասցեատերերին։ Ուստի տրանսֆերների տարեցտարի աճող ծավալներն ամենեւին բնակչության կենսամակարդակի բարելավում չեն նշանակում։ Կա նաեւ հարցի մի այլ կողմ. պաշտոնական տվյալների համաձայն՝ արտերկրից կատարված դրամական փոխանցումների 80 տոկոսը ծախսվում է ներմուծվող ապրանքների սպառման վրա։ Այսինքն՝ այդ կապիտալը, որն ընթացիկ տարվա կտրվածքով արդեն կազմում է շուրջ 2 միլիարդ դոլար, ինչ ճանապարհով մտնում, նույն ճանապարհով էլ դուրս է գալիս Հայաստանից, ինչը նշանակում է, որ այն էական ազդեցություն չի գործում երկրի տնտեսության զարգացման վրա։

Չի կարելի ուրանալ, անշուշտ, որ աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, համենայնդեպս, աճում են։ Բայց երբ հաշվի ենք առնում վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված գների թանկացումը, ապա ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր մեր երկրում 100 դոլարն ունի նույն գնողունակությունը, ինչ տաս տարի առաջվա 20–25 դոլարը։ Չկա լայն սպառման որեւէ ապրանք կամ ծառայություն, որն այսօր ավելի էժան լինի, քան 10 տարի առաջ։ Քանի որ ընթացիկ տարվա պաշտոնական տվյալները դեռ ամփոփված չեն, ես ստիպված եմ բավարարվել 1997 եւ 2006 թվականների համեմատությամբ։ Ըստ այդմ՝ վերջին տաս տարիների ընթացքում բենզինը թանկացել է 2,2 անգամ, դիզվառելիքը՝ 2 անգամ, էլեկտրաէներգիայի սակագինը՝ 40 տոկոսով, սառը ջրամատակարարումը՝ 3,5 անգամ, հեռախոսավարձը՝ 3,5 անգամ, տավարի եւ ոչխարի միսը՝ շուրջ 50 տոկոսով, կենդանական յուղը՝ 28 տոկոսով, բուսական յուղը՝ 57 տոկոսով, կաթը՝ 52 տոկոսով, ցորենի ալյուրից պատրաստված հացը՝ 2 անգամ։ Իսկ երբ գներն արտահայտում ենք դոլարային արժեքով, ապա ապրանքների թանկացման պատկերը շատ ավելի ցցուն է դառնում։