Jump to content

Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառավարությանը։ Կեղծիքը կատարվում եւ վարչության ներկայացրած տվյալները պրոպագանդիստական նպատակներով սրբագրվում են իշխանության վերին օղակներում, ինչպես արվում էր ստալինյան եւ բրեժնեւյան ժամանակներում։

Եւ երկրորդ՝ ինձ զարմացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակների աշխատակիցների պահվածքը, որոնք չէին կարող չնկատել Հայաստանի տնտեսական կյանքում կատարվող ահռելի զեղծարարություններն ու վիճակագրական աճպարարությունները։ Նրանց պաշտոնական զեկույցներում ներկայացված վիճակն, ըստ էության, համընկնում է Հայաստանի իշխանական պրոպագանդայի մատուցած իդիլիական պատկերին։ Այլ է պարագան, սակայն, ներքին օգտագործման համար պատրաստված նրանց կիսագաղտնի զեկույցներում, որոնցում այս կամ այն չափով բացահայտված են Հայաստանի տնտեսական ոլորտի համարյա բոլոր արատավոր երեւույթները, մասնավորապես բենզինի ներկրման հետ կապված ձեռնածությունը։

Վարչախմբի քաղաքականության սոցիալական հետեւանքները

Հեռուստաէկրաններին պատկերվող վիրտուալ աշխարհի, երկնիշ տնտեսական ցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպավորիչ կառուցապատման ֆոնի վրա, փորձագետներն, այդ թվում՝ միջազգային, Հայաստանի բնակչության կենսամակարդակի որակական փոփոխություն չեն արձանագրում։ Այս երեւույթի մասնագիտական բացատրությունները, որքան էլ տրամաբանական, հեռու են համոզիչ, առավել եւս սպառիչ լինելուց։ Փաստը մնում է փաստ, որ սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում։ Մայրաքաղաքի կենտրոնի շքեղ խանութներից, ռեստորաններից, ժամանակակից բնակարաններից օգտվում են բնակչության ոչ ավելի, քան 5 տոկոսը։ Ժողովրդի մեծագույն մասը, գլխավորապես մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, մատնված է լիակատար թշվառու