Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վատ, իդեալազուրկ, հուսահատ զանգվածի, ինչը չափազանց հեղհեղուկ ատաղձ է հզոր պետություն կերտելու տեսակետից։ Մի կողմից հիացմունքով, մյուս կողմից ցավով պիտի նշեմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի հպարտ, եռանդուն ու լավատես էր պատերազմի, կամ եթե կուզեք ցրտի ու մթի տարիներին, քան այսօր։ Իսկ դա հույս է ներշնչում, որ նա անպայման կվերագտնի իր արժանապատվությունը եւ կրկին տեր կկանգնի իր երկրին ու ապագային։

Իրավական եւ քաղաքական հետեւանքները

Իրավական հետեւանքներ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ դատական իշխանության անկախության լիակատար ոչնչացումը։ Դա ապացուցելու համար, եթե չլինեին անգամ այլ փաստարկներ, որոնք, ի դեպ, չափազանց առատ են, բավական էր, թեկուզ, Պարգեւ Օհանյանի հետ այս օրերին կապված ամենաթարմ իրադարձությունը։ Տաս տարվա ընթացքում, ի խախտումն միակուռ համակարգի կանոնների, վերջապես գտնվեց մի դատավոր, որը համարձակվեց արդարացման վճիռ կայացնել, եւ հանրապետության նախագահի ձեռքով անմիջապես հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին՝ դատախազությանը, ոստիկանությանը, անվտանգության ծառայություններին, ապա դրանք վաղուց վերածվել են ռեժիմին հավատարմորեն սպասարկող պատժիչ մեքենայի։

Գտնվելով հանրապետության նախագահի եւ վարչապետի լիակատար հսկողության տակ, այդ մարմիններն այսօր օրինակելի ստորաքարշությամբ ու ծառայամտությամբ իրականացնում են երկու ֆունկցիա. առաջին՝ կոծկել, թաքցնել, պարտակել ռեժիմի ահավոր հանցագործությունները՝ կաշառակերությունը, թալանը, նույնիսկ ահաբեկչություններն ու սպանությունները, եւ երկրորդ՝ ահաբեկել ու քրեական հետապնդումների ենթարկել իշխանությունների քաղաքական եւ տնտեսական հակառակորդներին։ Նրանց գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ, այսպես կոչված, կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է։ Ընդ որում, այդ նպատակով գործի է դրվում ստալինյան բռնապետության ողջ զի