Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նանոցը՝ մատնությունը, անստորագիր ահազանգերը (այլ կերպ՝ անոնիմկաները), անօրինական հեռախոսալսումները, իրեղեն ապացույցների կեղծումը, բռնությամբ ցուցմունքներ եւ ինքնախոստովանական հայտարարություններ կորզելու պրակտիկան, բացառապես մեկ մարդու ցուցմունքով կայացած դատավարությունները եւ այլն։ Հայաստանում չկա մի մարդ, որն այս կամ այն չափով ենթարկված չլինի թվարկված անօրինականություններից գոնե մեկին։

Բոլորովին մի՛ կասկածեք. անձնական թղթապանակներ են կազմված բոլոր քաղաքական գործիչների, պատգամավորների, տնտեսվարող սուբյեկտների, մեծ ու փոքր գործարարների, դասախոսների, բժիշկների, մտավորականների վերաբերյալ։ Չվստահելով իրենց ենթականերին, երկրի ղեկավարները գործեր են կազմել նաեւ պետական բոլոր պաշտոնյաների վրա՝ նրանց մշտական շանտաժի տակ պահելու եւ հավատարմորեն ռեժիմին ծառայեցնելու նպատակով։ Ռեժիմի հավատարիմ ծառաներ ասելով, ես նկատի չունեմ, ամենեւին, դատական եւ իրավապահ համակարգերի, ինչպես նաեւ պետական ապարատի միջին եւ ստորին օղակների տասնյակ հազարավոր ազնիվ ու բարեխիղճ պաշտոնյաներին։ Նրանք նույնքան ստորացված, նվաստացած ու խռոված են անտանելի վարչախմբից, որքան մեր ողջ ժողովուրդը։ Եթե այսօր նրանք, այլընտրանքի բացակայության պատճառով, դեռ այդ զգացումները չեն արտահայտում, ապա ժողովրդական ալիքի բարձրացմանը զուգընթաց, միահամուռ կերպով կմիանան ժողովրդին, ինչպես դա արեցին 1988 թվականին սկսված համազգային շարժման ժամանակ։

Իրավական հետեւանքներից շատ ավելի սոսկալի են ներկա իշխանությունների գործունեության քաղաքական հետեւանքները։ Մեծ հայրենասերներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի վարած հանճարեղ ներքին եւ արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանն արդեն իսկ հայտնվել է համաշխարհային զարգացման հիմնական մայրուղուց շեղված, իզգոյ կամ մերժյալ պետության կարգավիճակում, իր հաստատուն տեղն զբաղեցնելով երրորդ աշխարհի նմանատիպ պետությունների շարքում։ Դա ոչ միայն քայքայում է, առանց այդ էլ, անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատեւելու դատապարտված հայոց պետականության հիմքերը, այլեւ հղի է ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեր դիրքերն զգա