Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը՝ մի բան, որ բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում։


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը

Իսկ այժմ՝ համառոտակի անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, որը, ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ընդգծելու, Հայոց պետականության առջեւ կանգնած գերագույն խնդիրն է, քանզի գերազանցապես դրանից է կախված թե՛ Հայաստանի ու Արցախի ապագան, թե՛ մեր երկրների տնտեսական բարգավաճումը, եւ թե՛ հայ ժողովրդի բարօրությունը։ Քանի դեռ չի լուծվել այդ հարցը, քանի դեռ չեն վերացել մեզ խեղդամահ անող շրջափակումները, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները մեր անմիջական հարեւանների հետ, եւ քանի դեռ մեր երկիրը չի ինտեգրվել տարածաշրջանային ու միջազգային համակարգերում, Հայաստանն այսօրվա աշխարհի պահանջներին զուգընթաց զարգանալու եւ հզորանալու հնարավորություն չունի, որքան էլ բազմաթիվ լինեն հակառակը պնդողները։

Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց։ Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին։ Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը։ Աշխարհը, որն այդքան հոգ է տանում անհատ մարդու իրավունքների պաշտպանությանը, 150 հազար մարդուն մարդ չի համարում։ Դա պարզապես դիտվում է որպես վիճակագրական փաստ, իսկ լավագույն դեպքում՝ ազգային փոքրամասնություն, որի տակ սովորաբար հասկացվում է էքստրատերիտորիալ փոքրամասնությունը։ Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը էթնո-տերիտորիալ միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները։ Հետեւա