Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Առաջին. 2001 թվականի հունիսի 12-ին ընդունված համաներման օրենքում հստակորեն նշված էր, որ այն չէր տարածվում դատաքննությունն սկսված գործերի վրա։ Եւ քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի գործով դատաքննությունն սկսված էր, ապա այդ օրենքը չէր կարող կիրառվել տվյալ գործով մեղադրվող անձանց նկատմամբ։ Հետեւաբար, դատավոր Ուզունյանը, համաներման կիրառմամբ կարճելով վեց ամբաստանյալների գործերը, թույլ է տվել օրենքի աններելի խախտում, ինչը, բնականաբար չէր կարող չազդել դատավարության հետագա ընթացքի վրա։

Երկրորդ. Օրենքի շատ ավելի աղաղակող ոտնահարմամբ մի այլ դատավոր կարճել է Ալեքսան Հարությունյանի գործը՝ հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր վերջինիս դեմ տրված ցուցմունքներն իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով։ Սակայն, Հարությունյանի գործն այդպիսի հիմնավորմամբ կարճելուց առաջ, դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստն ապացուցել դատավճռով եւ խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների՝ մի բան, որ չի արվել։ Հետեւաբար, Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները դեռեւս ուժի մեջ են՝ ցուցմունքներ, որոնցում Ալեքսան Հարությունյանը ներկայանում է որպես կազմակերպիչների գծով հոկտեմբերի 27-ի գործի գլխավոր կասկածյալ եւ հանգուցային ֆիգուր։

Չեմ կարծում, թե հիշյալ դատավորներն այնքան արհեստավարժ չէին, որ չհասկանային իրենց կայացրած վճիռների անօրինականությունը։ Եթե, այդպես լինելով, նրանք այնուամենայնիվ վտանգել են իրենց պրոֆեսիոնալ համբավը եւ հետագա կարիերան, ապա դա նշանակում է, որ կա՛մ ենթարկվել են ճնշումների, կա՛մ էլ առաջնորդվել այլ շարժառիթներով։ Երկու դեպքում էլ, սակայն, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում։ Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի