Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողմի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն հասկացել վերջինիս պարզունակ խաղը։ Այն, որ նրանք մեծ ջանք չեն թափել կողմերին սկզբունքային համաձայնությանբ երելու ուղղությամբ, բացատրվում է պարզապես այն պատճառով, որ գերտերությունների առաջնահերթությունների շարքում Ղարաբաղի հարցն զբաղեցնում է, թերեւս, հազարերորդական տեղ։ Հայաստանի իշխանություններն, անթաքույց հրճվանքով, այս ամենը համարում են իրենց մեծագույն հաջողությունը, քանի որ, ըստ նրանց, դա նպաստում է ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու ծրագրին։

Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը հիմնված է այն փիլիսոփայության վրա, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն սա ճիշտ փիլիսոփայություն է, մանավանդ պատմական առումով հիմնավորված մի քանի գործնական նախադեպերով։ Ամբողջ խնդիրն այն է, ինչպես դեռ տաս տարի առաջ մի առիթով նշել էի, թե Հայաստանն ունի՞, արդյոք, 20–30 տարի ստատուս-քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն, արդյոք, զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես՝ մեր երկիրը կդիմանա՞, արդյոք, Ադրբեջանի հետ մրցակցությանը։

Ստատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն։ Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս, ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում։ Եթե սրանից տաս տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի։ Մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը տարեցտարի ավելի ու ավելի ետ են մնում Ադրբեջանի զարգացման տեմպերից։ 1997– 2006 թվականների կտրվածքով Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է մոտավորապես 4, իսկ Ադրբեջանինը՝ ավելի քան 5 անգամ; ար