Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները։

* * *

Բոլորովին չեմ կասկածում, որ իմ ընդդիմախոսներից ոմանք վաղը նորից լուրջ դեմքերով կհայտարարեն՝ Տեր-Պետրոսյանն այս անգամ եւս բավարարվեց միայն փաստերի կոնստատացիայով ու քննադատությամբ, չառաջարկելով որեւէ ծրագրային լուծում եւ չարձագանքելով իրեն ու նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներին։ Նախ, ծիծաղելի է տաս տարի լռած մարդու մի ելույթից պահանջել բոլոր հարցերի պատասխանը, քանի որ յուրաքանչյուր ելույթ ունի իր խնդիրը։ Մինչ քաղաքական գործչի պլատֆորմը բացահայտվում է մի ամբողջ շարք ելույթների, մամլո ասուլիսների, հարցազրույցների, հոդվածների, նախընտրական ծրագրերի ու քարոզարշավների հիման վրա։ Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա որպեսզի ոչ ոք չկարծի, թե վախենում կամ խուսափում եմ դրանցից՝ ինքս կներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը կամ այն ամենը, ինչն սպառնաց հիշեցնել մեր հարգարժան նախագահը՝ մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերության քայքայում, վայրենի սեփականաշնորհում, խնայբանկի ավանդների փոշիացում, կուսակցության եւ թերթերի փակում, դավաճանություն Արցախի գործին, սխալ կադրային քաղաքականություն, թուրքամետություն, ապազգայնություն, կոսմոպոլիտիզմ եւ այլն։ Հավատացած եմ, ոմանք չարախնդությամբ, իսկ հասարակության մեծամասնությունն ամենայն անկեղծությամբ սպասում են նշված մեղադրանքների վերաբերյալ իմ բացատրություններին։ Վստահեցնում եմ, դուք դեռ բազմաթիվ առիթներ կունենաք լսելու այդ բացատրությունները։ Իսկ թե որքան համոզիչ կամ անհամոզիչ կլինեն դրանք՝ կմնա ձեր դատին։

* * *

Հասկանում եմ, որ մեծագույն ինտրիգը, որը ձեզանից շատերին բերել է այս հրապարակ, առաջիկա նախագահական ընտրություննե