Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Որոշ լրացուցիչ նկատառումներ

Երկարաշունչ խոսքս ամփոփելուց առաջ, հայցելով ձեր ներողամտությունը եւ մի-փոքր եւս չարաշահելով ձեր համբերությունը, անհրաժեշտություն եմ զգում ձեզ հետ կիսվել մի քանի այլ նկատառումներով։

Զուտ մարդկայնորեն ինձ մեծագույն ցավ են պատճառում Հայաստանի պետական այրերի հասցեին այստեղ հնչեցված խիստ գնահատականները, որովհետեւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը եղել են իմ անձնական եւ մարտական ընկերները՝ անհատականություններ, որոնց անուններն ըստ արժանվույն պետք է արձանագրվեն հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ 1999 թվականից հետո նրանց դրսեւորած վարքագիծն ամենեւին չի կարող ջնջել կամ ստվերել նրանց՝ ու նաեւ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի անուրանալի եւ նշանակալից դերը, ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ հայոց պետականության վերականգնման եւ ամրապնդման գործում։ Իմ ելույթում հնչեցված կոշտ որակումները թելադրված են ոչ թե նրանց վարկաբեկելու կամ դատապարտելու միտումով, այլ միայնումիայն ներկա վարչախմբի վերարտադրման անթույլատրելիության մասին ահազանգելու անհրաժեշտությամբ։ Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը, վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ եւ ներողամիտ հայ ժողովրդի կողմից։ Կանխելով հնարավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլորովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը։ Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տաս, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառավարեցին Կիլիկիո թագավորությունը։ Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՛ անարդար, թե՛ վտանգավոր։ Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայնության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ