Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼՈՒԽ ԺԳ

ՁՈՒԱՀԱՑ (վաֆլի) ԵՒ ԿԱԹՆԱՀԱՑ (ալադիա)

Ծանօթութիւն: Աւելի լաւ և յարմար է ձուահացը եփել ուղղակի կրակի վերայ. սրա համար կաղապարին (ֆօրմա) եղ չը պէտք է քսել, ինչպէս ասուած է բուդինգների համար, եթէ միայն թխելու ժամանակ խմորը կաղապարի պատերին չէ կպչում. թխելուց թէ առաջ և թէ յետոյ կաղապարը պէտք է բամբակով սրբել, ջուր ամենևին չը պէտք է դիպցնել: Ձուահացի թխելը միշտ չէ յաջողվում, այն ժամանակ միայն կարելի է յաջողեցնել, երբ տաքացրած եղը կարող էք լաւ հարել—սպիտակացնել, ձուի սպիտակուցները պէտք է ամենաթարմ և շատ հարած լինին: Մի խօսքով իսմորջի լաւ պատրաստելուցն է կախուած յաջողութիւնը:

353) ՍՈՎՈՐԱԿԱՆ ՁՈՒԱՀԱՑ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 գդալ եղ, 4-5 կտոր շաքար, 1¼ բաժ. ալիւր, 1 բաժ. կաթ, կամ սեր, 8 հատ ձու, (դարչին, կամ լիմոնի քերուածք):

Կէս բաժակ տաքացրած եղը հովացրէք, լաւ հարեցէք մինչև սպիտակելը, գցեցէք մէջը 4 դեղնուց, 4—5 կտոր շաքար, 1¼ բաժակ ալիւր, այս բոլորը խառնեցէք մինչև թանձրանալը, դրա մէջ քիչ քիչ ածեցէք 1 բաժակ կաթ, կամ սեր, խառնեցէք, գցեցէք քիչ-քիչ՝ 8 հատ հարած սպիտակուց, լաւ խառնեցէք և թխեցէք: Որպէս զի աւելի համեղ լինի կարելի է հետը մի փոքր դարչին, կամ լիմոնի քերուածք խառնել: Որքան որ սպիտակուցները թազայ և լաւ հարուած լինեն, այնքան ձուահացը շատ կը դուրս կայ: Վերև նշանակուած նիւթերից 12—16 հատ մեծ ձուահաց կը ստացուի: