Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սակայն, իհարկե, տարօրինակ է ութ-ինը տարի բաժանված լինելուց հետո դրա մասին հարցնելը։ Երևի շատ լավ ու վատ բան անցած կլինի գլխովդ։

— Ճիշտ է։ Գիտե՞ս, իմ ամուսինը մեռավ սրանից երեք տարի առաջ,— ասաց Բերտան և իր պարտքը համարեց այդ ասելիս՝ տխրամած դեմք ընդունել։

— Գիտեմ։ Գիտեմ նաև, որ դու որդի ունես։ Ո՞վ ասաց ինձ դրա մասին։

— Ո՞վ։

— Լավ, հետո կմտաբերեմ։ Բայց ինձ համար սա նորություն է, որ դու նկարներով ես հետաքրքրվում։

Բերտան ծիծաղեց։

— Ճիշտն ասած, սա բացառապես նկարների համար չէր։ Սակայն դու ինձ բոլորովին հիմարի տեղ մի դնիր։ Ես նկարչությամբ էլ եմ հետաքրքրվում։

— Ես էլ։ Անկեղծ ասած, ես կգերադասեի նկարիչ լինել։

— Դու կարող էիր բավականանալ և նրանով, ինչ ես։

— Դեհ, դա մի խոսքով չի կարելի արտահայտել։ Իհարկե, ինձ հաճելի է, որ ես ջութակ ածել գիտեմ, բայց ախր դրանից ի՞նչ է մնալու։ Եթե ես մեռնեմ, իմ անունը ինձնից հետո երկար չի ապրի։ Իսկ սա,— ասաց նա՝ պատկերը ցույց տալով,— սա ուրիշ բան է։

— Դու չափից դուրս փառասեր ես։

Նա անտարբեր հայացքով նայեց Բերտային։

— Փառասե՞ր։ Դա այնքան էլ պարզ ու հասարակ բան չէ, սակայն թողենք այդ։ Տարօրինակ է այդքան տարի բաժանված լինելուց հետո արվեստին վերաբերյալ տեսական խոսակցությամբ զբաղվել։ Ավելի լավ է՝ դու մի բան պատմիր, Բերտա։ Ի՞նչ ես անում։ Ինչպե՞ս ես ապրում։ Ինչպե՞ս գլխի ընկար այդ հիմար շքանշանի համար ինձ շնորհավորելու։

Բերտան կրկին ծիծաղեց։

— Ես ուզում էի մի անգամ էլ քեզ նամակ գրել, որ տեղեկանամ քո մասին։ Շատ սիրալիր էր քո կողմից, որ ինձ իսկույն պատասխանեցիր։

— Ի՞նչ սիրալիրություն կա այստեղ։ Ես այնքա՜ն, ուրա–

100