հետաքրքրական չէ։ Ավելի լավ է՝ դու պատմես քո մասին։ — Նա նայում էր Էմիլին հիացմունքով։
— Քո կյանքը փայլուն է, դու այնքան հռչակավոր մարդ ես։
Էմիլը տհաճությամբ շարժեց շրթունքները։
— Իհարկե,— շարունակում էր Բերտան առանց շփոթելու։ — Ես դեռ նորերս քո նկարը տեսա մի պատկերազարդ լրագրում։
— Այո՛, այո՛,— ասաց նա անհամբերությամբ։
— Ես հո վաղուց նախագուշակում էի այդ,— շարունակում էր Բերտան։ — Հիշո՞ւմ ես, ինչպես էիր դու քննության ժամանակ նվագում Մենդելսոնի համերգը։ Այն ժամանակ բոլորը նույնն էին ասում։
— Բավական է, բալիկ։ Դադարենք միմյանց կոմպլիմենտներ ասելուց։ Ի՞նչ մարդ էր քո հանգուցյալ ամուսինը։
— Մի ազնիվ, լավ մարդ էր։
— Դու գիտե՞ս, որ ես քո հորը հանդիպեցի նրա մահվանից մոտ ութ օր առաջ։
— Այո՞։
— Դու չգիտե՞ս այդ։
— Նա ինձ ոչինչ չի պատմել։
— Մենք մի քառորդ ժամ զրուցեցինք փողոցում կանգնած։ Ես այն ժամանակ իմ առաջին արտիստական ճանապարհորդությունից նոր էի վերադարձել։
— Ո՛չ մի խոսք չի պատմել նա ինձ այդ մասին, ո՛չ մի խոսք։ — Բերտան խոսում էր գրեթե զայրացած, կարծես հոր լռությունը ազդել էր իր հետագա վիճակի վրա։ — Ինչո՞ւ դու այն ժամանակ չեկար մեզ մոտ։ Ինչո՞ւ դու հանկարծ դադարեցիր մեզ մոտ լինելուց քո այդ հանդիպումից դեռ շատ առաջ։
— Հանկա՞րծ։ Ոչ, աստիճանաբար,— ասաց Էմիլը մի տևական ու զննող հայացքով նրան ոտքից-գլուխ չափելով։
Բերտան նկատեց այդ և ակամա հագուստն ուղղեց, որ ոտքերը չերևան, իսկ ձեռքերը ամուր սեղմեց կրծքին, կարծես այդ հայացքից պաշտպանվելու համար։102