— Լավ, ժամը յոթին, Եղիսաբեթյան կամուրջի մոտ։
Նրանց առջև հրապարակն էր՝ Մարիա-Թերեզայի արձանով, ամբողջապես արևով լցված։ Տաք էր, բայց սաստիկ քամի էր բարձրացել։ Բերտային թվաց, որ Էմիլը իրան զննող հայացքով է նայում։ Միևնույն ժամանակ նա Բերտային սառն ու օտար էր երևում, բոլորովին այն չէր, ինչ մուզեյում։
— Դեհ, այժմ մնաս բարով ասենք։
Բերտան շատ դժբախտ զգաց իրան։
— Արդյոք չէի՞ր կամենա դու... Արդյոք չի՞ կարելի մի քիչ ճանապարհ դնել քեզ...
— Ոչ, քամին շատ ուժեղ է,— ասաց Էմիլը, կողք-կողքի գնալով և շարունաակ գլխարկը բռնած պահելով, որ չթռչի,— անախորժ է, փողոցում խոսելն էլ է անհարմար։ Բացի այդ, ես պետք է շատ շտապեմ... գուցե քեզ մինչև կա՞ռք հասցնեմ։
— Ոչ, ոչ, ես ոտով կերթամ։
— Կարելի է և այդպես։ Տերը պահե քեզ։ Ցտեսություն։
Նա ձեռքը մեկնեց Բերտային ու շտապով փողոցի մյուս ափն անցավ։ Բերտան երկար նայում էր նրա ետևից։ Էմիլը գլխարկը հանեց ու պահում էր ձեռքում։ Քամին խաղում էր նրա մազերի հետ։ Նա Ռինգշտրասսեն անցավ, անցավ կամարը և աչքից կորավ։
Բերտան ակամա դանդաղորեն գնաց նրա ետևից։ Ինչո՞ւ նա այդպես հանկարծ փոխվեց, հանկարծ այդպես սառը դարձավ։ Ինչո՞ւ նա չուզեց, որ Բերտան իրան ճանապարհ գցե։ Գուցե ամաչո՞ւմ է նա։ Բերտան ինքն իրան նայեց, գուցե ինքը ծիծաղաշարժ, գավառացիաբա՞ր է հագնված։ Ո՛չ: Անցուդարձող տղամարդկանց հայացքներից նա կարող է եզրակացնել, որ ինքը ոչ միայն ծիծաղելի չէ, այլ, ընդհակառակը, շատ գրավիչ է։ Հապա ինչո՞ւ Էմիլը այդքան շուտ հեռացավ։ Բերտան մտաբերեց, որ Էմիլը առաջ էլ ուներ այդ բոլորովին անսպասելի կերպով խոսակցությունն ընդհատելու տարօրինակ սովորույթը։ Այդպիսի դեպքերում նա իսկույն դառնում էր ինքն իր մեջ գոցված, և նրա ամբողջ էության մեջ նկատելի էր լինում ինչ-որ անհանգստություն, որին նա ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։ Այո, երևի այսօր էլ նույնն էր։ Միայն, գուցե, այն ժամանակները այդ բանն այնպես106