մեկ անգամ, ո՜չ ավելի։ Պատանեկան ռոմանտիկ սիրուց ու երազներից նշանավոր արտիստի հոգում ոչինչ չի մնացել, նրանց փոխարինել են բուրժաական հաշվենկատությունը և ճղճիմությանը։ Եվ երբեմնի կուռքը Բերտայի աչքում միանգամից պսակազերծ է լինում, սերն ու նվիրումը նրա նկատմամբ տեղի են տալիս արհամարհանքի, նույնիսկ ատելության։
Բայց Բերտան իր մեջ ուժ է գտնում դիմանալու ծանր փորձությանը։ Նա չի դիմում ողբերգական քայլի, ինչպես վարվեց Գաստավ Ֆլոբերի տիկին Բովարին, թեև միայնակ կանացի հոգու տվայտանքների, իրենց խեղդիչ միջավայրից ազատագրվելու և հարազատ, ըմբռնող մեկի հետ կապվելու երազների իմաստով շատ ընդհանուր բան կա այս երկու հերոսուհիների միջև։ Վիպակի վերջում Բերտան ավելի իմաստնացած, մարդասեր հայացքով է նայում աշխարհին։ Եվ, այնուամենայնիվ, երկն ավարտվում է «պատրանքների խորտակման» ողբերգական երանքներով, մի թեմա, որով Շնիցլերը շարունակում էր XIX դարի ռեալիստական գրականության առանցքային մոտիվներից մեկը։ Հատկանշական է նաև վիպակի բուն վերջույթը, որպես Բերտայի ճակատագրի զուգահեռ կամ հնարավոր տարբերակ, ներկայացվում է մի այլ հերոսուհու՝ Աննա Ռապիասի մահը, որը հետևանք էր նույն գավառական տափակ մթնոլորտից ելք գտնելու անզոր ճիգերի։
Ի տարբերության Շնիցլերի մի շարք ուրիշ երկերի, որոնց մեջ հերոսների հոգեկան դրաման ծավալվում է ներփակ, ասենք արտաքին աշխարհից մեկուսացած, «Տիկին Բերտա Գարլանը» վիպակում մարդկային ճակատագրերը և ներաշխարհի պատկերները ոչ միայն ուղղակի արտացոլում են իրենց շրջապատը, այլև օգնում են ավելի խոր հասկանալու այն, տոգորվելու քննադատական վերաբերմունքով դեպի իրականությունը։ Բայց պետք է նկատի ունենալ Շնիցլերի ոճի յուրահատկությունը. իր գաղափարական միտումը նա երբեք բացահայտորեն չի հռչակում, այլ արտահայտում է նրբորեն, կյանքի օբյեկտիվ պատկերման ճանապարհով։ Վիպակի ուժն է նաև այն բնական և անկաշկանդ, ամեն մի մաներայնությունից զերծ շարադրանքը, որով հեղինակը ներկայացնում է միայնակ կնոջ երազների և հուսախաբության պատմությունը։ Ընթերցողն իսկույն հոգեպես կապվում է հերոսուհու հետ,