Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրեկան զբոսանքով, և նրա բուն նպատակը ինչ-որ մշուշով էր ծածկվել։ Նա այնքան հոգնել էր ուժեղ տպավորությունների փոփոխումներից, որ այլևս ոչինչ չէր զգում։ Այլևս ոչ ահ կար, ոչ հույս, ոչ մտադրություն։

Նա անցնում էր Ռինգի այգու մոտով և հրճվանքով ներս էր շնչում շեփորուկի բույրը։ Առավոտյան նա չնկատեց, որ ամեն ինչ մանիշակագույն ծաղիկներով էր ծածկված։ Մի հանկարծակի, անսպասելի միտք ժպտացրեց նրան։ Նա մտավ ծաղկավաճառի խանութն ու մանուշակների մի փոքրիկ փունջ գնեց։ Երբ նա մանուշակները մոտեցրեց շրթունքներին, մի արտասովոր քնքշություն ծագեց նրա մեջ։ Նրա միտն ընկավ, որ ժամի յոթին գնացքը հեռանալու է, իսկ ինքը այստեղ է մնալու։ Նա այնպես ուրախացավ, կարծես մեկին հաղթել էր իր խորամանկությամբ։ Երբ անցնում էր կամուրջի մոտով, նա մտաբերեց, որ նորերս մի անգամ էլ նա շրջել է այստեղ, որոնելով իր նախկին բնակարանը, որոնել է այն պատուհանը, որ ուզում էր մի անգամ էլ տեսնել։ Այստեղ այն ժամանակ ավելի մեծ շարժում կար։ Անցորդներն ու կառքերը գնում էին ու գալիս, հանդիպում իրար. ոմանք քաղաքից դուրս էին գնում, ոմանք՝ արվարձաններից քաղաք գալիս։ Հնչում էին կառապանների ձայները, լսվում էին սուլոց ու զանգահարություն։ Բերտան փորձում է կանգ առնել, բայց ամբոխը նրան առաջ է մղում։ Հանկարծ նա բոլորովին մոտ, իր ականջի տակը, ինչ-որ սուլոց է լսում։ Ինչ-որ մի կառք կանգ է առնում, մեկը իր գլուխը դուրս է հանում պատուհանից... Նա է։ Աչքերով նա մոտ է կանչում Բերտային։ Անցորդները նայում են, նրանց շատ է հետաքրքրում, թե արդյոք ի՞նչ է ասում այդ երիտասարդ մարդը այս տիկնոջը, որ մոտեցավ կառքին։ Նա կամացուկ հարցնում է Բերտային.

— Ուզո՞ւմ ես նստել։

— Նստե՞լ։

— Այո, իհարկե, ախր անձրև է գալիս։

— Ես կգերադասեի ոտով գնալ։

— Ինչպես ուզում ես։

Էմիլը արագ դուրս է գալիս կառքից, վճարում է կառապանին, և Բերտան այդ ժամանակ սարսափած նկատում է,

113