երեկոներ, Բերտային այլ կերպ էին պատկերանում դրանից առաջ, դեռ այն ժամանակ, երբ նա աղջիկ էր։ Իհարկե, նա ստիպված էր հաշտվել իր կացության հետ։
Բերտան 26 տարեկան և միս-մենակ էր, երբ Վիկտոր Մաթիաս Գարլանը նրան ուզեց։ Բերտայի ծնողները նոր էին մեռել։ Դրանից դեռ շատ առաջ նրա եղբայրներից մեկը, առևտրական ասպարիզում իր բախտը փորձելու համար, Ամերիկա էր գաղթել։ Իսկ մյուսը՝ կրտսերը, ծառայում էր թատրոնում, ամուսնացել էր մի դերասանուհու հետ և երկրորդական դերեր էր կատարում գերմանական բեմերի վրա։ Բերտան իր ազգականների հետ գրեթե ոչ մի կապ չուներ։ Միայն երբեմն իր հորաքրոջ աղջկա մոտ էր գնում, որը ինչ-որ իրավաբանի հետ էր ամուսնացած։ Սակայն այդ բարեկամությունն էլ տարեցտարի սառչում էր, որովհետև ջահիլ տիկինը մի տեսակ ջերմեռանդությամբ բացառապես իր ամուսնուն ու զավակներին էր նվիրվել և այլևս շատ քիչ հետաքրքրություն էր ցույց տալիս դեպի իր ազապ ընկերուհին, Բերտան։
Գարլանը Բերտայի հեռավոր ազգականն էր, իր մեռած մոր կողմից։ Մի ժամանակ նա հաճախում էր Բերտայենց տունը և մի քիչ անշնորհք կերպով աշխատում էր աղջկա սիրտը գրավել։
Այն ժամանակ Բերտան նրան սիրտ տալու ոչ մի հիմք չուներ։ Կյանքն ու երջանկությունը ուրիշ կերպ էին պատկերանում նրա առաջ։ Նա ջահիլ ու սիրուն էր, ծնողները եթե ոչ հարուստ, գոնե բոլորովին ապահով դրության մեջ էին, և Բերտան երազում էր մեծ դաշնակահարուհի դառնալ և, ոչ թե համեստ ընտանեկան կյանք վարել, այլ շրջել աշխարհում իբրև մի գեղարվեստագետի կին։
Սակայն շուտով այս բոլոր հույսերը խորտակվեցին, որովհետև մի գեղեցիկ օր նրա հոր մեջ զարթնեցին իր քաղքինի փտած հայացքներն, ու նա արգելեց Բերտային կոնսերվատորիա գնալը։ Այսպիսով, նրա երաժշտական ասպարեզ մտնելու մտադրությունը տապալվեց, և խզվեցին նրա հարաբերությունները այն երիտասարդ ջութակահարի հետ, որը հետագայում այնքան մեծ հռչակի հասավ։ Սկզբում Բերտան, կարծես, հուսախաբության մի կսկիծ զգաց, սակայն այդ ցավը երկար չտևեց։