Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինի մի քանի ամսից հետո իր հացը դասերով աշխատել և, բացի այդ, նա այժմ այնքա՜ն էր գնահատում և այնքա՜ն էր ընտելացել Գարլանին, որ երբ վերջինս եկեղեցում, պսակադրության միջոցին, և հետո, կառքում, հարց տվեց, թե արդյոք սիրո՞ւմ է իրան, նա ամենայն իրավամբ կարող էր պատասխանել. «Այո՛»։

Սակայն ամուսնության առաջին իսկ օրերից նա ինքը նկատեց, որ ոչ մի սեր չէր տածում դեպի Գարլանը։

Բերտան սկզբում ընդունում էր նրա փաղաքշանքները մի հուսախաբ զարմանքով, ապա անտարբերությամբ և, միայն իրեն մայր զգալուց հետո, փաղաքշանքին փաղաքշանքով պատասխանելու ցանկությամբ։

Նա շուտ ընտելացավ փոքրիկ, հանգիստ քաղաքի կյանքին, մանավանդ որ Վիեննա էլ նա կղզիացած էր ապրում։

Բերտան իրան շատ լավ էր զգում ամուսնի ազգականների շրջանում։

Տագրը մի սիրալիր և ուրախսիրտ մարդ էր երևում, թեպետև երբեմն կոպիտ էր լինում։ Նրա ամուսինը մի բարեսիրտ կին էր, որը երբեմն առ երբեմն մի քիչ թախծոտ ու տխուր էր լինում։ Նրանց որդին, որ Բերտայի եկած ժամանակ մի տասներեք տարեկան տղա էր, սիրուն էր և ժիր, իսկ աղջիկը, ինը տարեկան, զարմանքով լի աչքերով, մի վերին աստիճանի հանգիստ մանուկ էր և սկզբից իսկ սիրեց Բերտաին։

Երբ որ Բերտան երեխա ունեցավ, այս փոքրիկները սրտանց ողջունեցին նրան, իբրև մի ցանկալի խաղալիք, և հետագա երկու տարին Բերտան իրան միանգամայն երջանիկ էր համարում։ Ժամանակ առ ժամանակ նրան թվում էր, որ իր ճակատագիրը ավելի լավ չէր էլ կարող լինել։ Մեծ քաղաքի աղմուկն ու իրարանցումը նրա հիշողության մեջ պատկերանում էին որպես անախորժ և գրեթե վտանգավոր մի բան։ Իսկ երբ մի անգամ նա իր ամուսնի հետ Վիեննա գնաց մի քանի բան առնելու համար, դեպքի բերմամբ օրը այնպես խոժոռ ու անձրևային էր, որ նա երդվեց այլևս երբեք այսպիսի ձանձրալի և ավելորդ ճանապարհորդություն չկատարել։

Բերտայի ամուսինը պսակվելուց երեք տարի անց, գարնանամուտի մի առավոտ, հանկարծակի մեռավ։24