Արթուր Շնիցլերի գրական համբավի սկիզբը եղավ 1893թ. ապա գրված «Անատոլ» դրամատիկական երկը։ Դա սովորական դրամա չէ, այլ յոթ միարար պիեսների («Ճակատագրական հարց», «Հրաժեշտի ընթրիք», «Հոգեվարք», «Անատոլի առավոտը հարսանիքից առաջ» և այլն) շարք: Դրանք միավորվում են շնորհիվ այն բանի, որ բոլորի միջով անցնում է միևնույն գլխավոր հերոսը՝ Անատոլը։ Դա Վիեննայի արիստոկրատ հասարակության տիպական և հավաքական կերպարն է՝ կաֆեներում և թղթախաղում, սիրային անլուրջ արկածների մեջ կյանքը վատնող, ամեն ինչ թեթև խաղ համարող և ոչ մի հասարակական իդեալ չունեցող դեկադենտի կերպար։ Երիտասարդ հեղինակը նրբորեն ցուցադրում էր արիստոկրատի փայլուն արտաքինի տակ թաքնված ներքին սնանկությունը, դատարկապորտ և աննպատակ գոյությունը։ Բայց միաժամանակ կարելի է ասել, որ գրողն ինչ-որ տեղ համակրանքով է ներկայացնում իր հերոսի սրամտությունը, ճարպկությունը, էսթետական թեթև հայացքները կյանքի նկատմամբ։
Առաջին դրամատիկական երկին հետևեցին տասնյակ նոր միարար և բազմարար պիեսներ, որոնք անցյալ դարի վերջից լայնորեն բեմադրվել են ոչ միայն ավստրիական, այլև եվրոպական շատ ուրիշ ազգային թատրոններում։ Հատկապես մեծ հաջողություն ունեցան «Սիրախաղ», «Որս», «Կտակ», «Հեքիաթ», «Բեատրիչեի քողը» և այլ պիեսներ, որոնց մեջ ընդհանուր առմամբ շատ ավելի խորացավ և հստակվեց գրողի քննադատական վերաբերմունքը բուրժուական հասարակության բարոյական արժեքների նկատմամբ։ Շնիցլերը գրել է նաև պատմական պիեսներ (օրինակ՝ «Կանաչ Կոկադան», որը քաղված է ֆրանսիական բուրժուական հեղափոխության դարաշրջանից):
Արթուր Շնիցլերի ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, արտացոլեց իր դարաշրջանի համաեվրոպական գրական-գեղարվեստական կյանքի բարդությունն ու հակասությունները։ Իր հիմքում Շնիցլեր-արվեստագետը, անտարակույս, ռեալիստ է, նա ամուր կերպով կապված է իրական կյանքի և մարդկային հարաբերությունների հետ։ Նա ստեղծել է ոչ քիչ երկեր, կերպարներ ու տեսարաններ, որոնք յուրովի շարունակում էին XIX դարի ռեալիստական գրականու–