Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարցը Բերտային տարօրինակ երևաց, և նա պատասխանեց.

— Չեմ կարող նրանից գանգատվել։ Նա շատ գործ ունի, նա շատ լավ կերակուր է եփում։

Մի փոքր ընդմիջումից հետո տիկին Ռուպիուսը բոլորովին չոր ձայնով ասաց.

— Այո՛, այդ տեսակ երեխա ունենալը երևի մեծ երջանկություն է։

— Իհա՛րկե, դա իմ միակ երջանկությունն է,— տաք-տաք բացականչեց Բերտան։

Առաջ էլ նա հաճախ ասում էր այդ, բայց այսօր զգում էր, որ այնքան էլ անկեղծ չէ ինքը։ Նամակը նրա կրծքի վրա խտտացնում էր կաշին, և Բերտան գոհունակությամբ զգում էր, որ դա էլ մի երջանկություն է։ Նա մտաբերեց, որ իր առջև նստած կինը անզավակ է և երեխա ունենալու մասին երազել անգամ չի կարող։ Բերտան հաճությամբ իր խոսքը ետ կվերցներ և արդեն ուզո՛ւմ էր մեղմացնել իր խոսքը, բայց տիկին Ռուպիուսը, կարծես, նրա մտքերը գուշակելով, ասաց.

— Միակ երջանկությո՞ւնը։ Ասացեք՝ մեծ երջանկություն է, այդքանն էլ բավական կլինի։ Ես երբեմն նախանձում եմ ձեզ, և ինձ թվում է, որ կյանքը, ինքնըստինքյան, արդեն երջանկություն է ձեզ համար։

— Ես այնպես մենակ եմ ապրում, այնպե՜ս...

Աննան ծիծաղեց։

— Ասելս այդ չէր, իհարկե, այլ այն, որ արևը լույս է տալիս, եղանակը լավ է, և դա արդեն ուրախացնում է ձեզ։

— Օ, այո, իհարկե,— համաձայներ Բերտան։ — Իմ տրամադրությունը շատ է կախված եղանակից։ Այ, մի քանի օր առաջ, երբ անձրև ու ամպրոպ էր, ես բոլորովին ճնշված էի զգում ինձ և հետո...

Աննան կտրեց նրա խոսքը.

— Ամենքն էլ այդպես են։

Բերտան շփոթվեց. նա զգաց, որ այդ կնոջ հետ զրույց անելու համար հարկ եղածի չափ խելացի չէ ինքը։ Նա ընդունակ էր այստեղից-այնտեղից մի քիչ զրույց անել, ինչպես փոքրիկ քաղաքի մյուս կանայք։ Մինչդեռ նրան թվում էր, որ Աննան քննում է իրան, և ինքն այնպես էր զգում, որ քննությունը

77