Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չբռնեց։ Նա սարսափով էր մտածում իր տեսակցության մասին։ Ինչպե՞ս պիտի խոսի ինքը Էմիլի հետ։ Որքա՜ն ետ է մնացել, որքա՜ն անօգնական էր դարձել այս վեց տարվա անձուկ կյանքի ընթացքում։ Աննան վեր ելավ։ Առավոտյան սպիտակ կապոտը գեղեցիկ կերպով գրկում էր նրա իրանը։ Նա սովորականից ավելի բարձրահասակ ու սիրուն էր երևում։ Բերտան ակամա մտաբերեց բեմի վրա տեսած դերասանուհիներից մեկին, որը շատ նման էր Աննային։

«Ահա, եթե սրա նման լինեի ես, այն ժամանակ կարելի կլիներ բոլորովին չվախենալ»,— մտածում էր նա։ Եվ հանկարծ մտաբերեց, որ այդ գեղեցկուհին մի հիվանդ մարդու հետ էր ամուսնացած։ Արդյոք արդարացի չէ՞ այն, ինչ մարդիկ ասում են։ Սակայն Բերտայի ենթադրությունները հեռու չէին գնում, նա չէր պատկերացնում, թե ինչ բանում կարող են արդարացի լինել մարդիկ։ Այդ րոպեին նա զգաց Աննայի դրության ծանրությունը, սակայն չգիտեր՝ արդյոք անտրտո՞ւնջ է տանում նա այդ ամենը, թե՞ կռվում է։ Աննան, կարծես, նորից գուշակեց Բերտայի մտքերն ու, մտերմական խոսակցությունից խուսափել կամենալով, անփույթ կերպով ասաց.

— Երևակայեցե՛ք, ամուսինս դեռ քնած է։ Այժմ նա սովորել է երեկոները երկար նստել, կարդում է կամ պատկերներ է զննում, իսկ առավոտը քնում է մինչև կեսօր։ Բայց այդ բոլորը սովորության բան է։ Երբ Վիեննա էինք ապրում, ես էլ սաստիկ շատ էի քնում։

Եվ նա սկսեց այնպես անկեղծ ու անհոգ կերպով պատմել իր աղջկային տարիների մասին, որպես չէր խոսացել Բերտայի հետ։ Նա պատմում էր իր հոր մասին, որը շտաբի սպա էր, մոր մասին, որը ջահիլ հասակում վախճանվել էր, փոքրիկ տան ու պարտեզի մասին, ուր նա խաղում էր իր մանկության ժամանակ։ Բերտան այժմ միայն իմացավ, որ Աննան մանկությունից ճանաչելիս է եղել իր հիմիկվա ամուսնին, որը իրանց հարևանի որդին է եղել, և որի հետ ինքը նշանված է եղել մանուկ հասակում։ Բերտայի առջև բացվում էր այդ կնոջ ամբողջ ջահիլությունը, որ արևի շողերով, երջանկությամբ և հույսերով էր լցված։ Եվ թվում էր, որ տիկին Ռուպիուսի ձայնը այլ կերպ էր հնչում, երբ նա իր ամուսնի78