Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպով նստեց բազմոցի անկյունում, աչքերը փակեց, և գիրքը նրա ձեռքից հատակին ընկավ։

Երբ մի քանի րոպե անց նա վեր ելավ, նրան թվաց, որ մի ամբողջ գիշեր է անցել։ Նամանավանդ այնքա՜ն հեռու էր թվում առավոտվա այցը տիկին Ռուպիուսին։ Բերտան չէր կարողանում հասկանալ ժամերի այդ անհավասարությունը։ Նրանք մեկ դանդաղ սողում էին, մեկ՝ առաջ սլանում մի արտասովոր արագությամբ։

Բերտան հագնվեց, որ Ֆրիցի հետ զբոսնելու գնա։ Նրան մի հոգնած, անտարբեր տրամադրություն էր տիրել։ Այդպես էր լինում սովորաբար ցերեկվա արտասովոր քնից հետո: Այդ դեպքում նա ոչ մի բանում ինքն իրան պարզ հաշիվ տալ չէր կարողանում, և ամեն ինչ, ամենասովորական բաները, նրան արտասովոր էին թվում։ Այդպիսի ժամանակ նա ինքն իր վրա նայում էր այնպես, ինչպես մի օտար մարդու վրա են նայում։ Նա չէր կարողանում հասկանալ, որ այն տղան, որին ինքն հագցնում է, իր սեփական երկունքով ծնած զավակն է մի մարդուց, որը վաղուց մեռել է։ Մի բան գաղտնի կերպով թելադրում էր նրան, որ այսօր պետք է նորից գերեզմանատուն գնալ։ Սակայն այդ պետք է անել ոչ թե մի մեղքի քավության, համար, այլ մի տեսակ քաղաքավավարության պարտքի զգացումից դեպի այն մարդը, որից նա հեռացավ առանց դրա համար բավականաչափ հիմնավոր պատճառ ունենալու։ Նա գնաց շագանակենիների խճուղիով: Անտանելի շոգ էր։ Շուտով նա շվաքի մեջ մտավ, և նրա վրա մի թեթև հով փչեց։

Գերեզմանատունը հեռվից ողջունում էր նրան իր կանաչ սատարներով։ Պուրակի ելքի մոտ նա մի կենարար զովություն զգաց։ Մի տանջող, սակայն քաղցր հոգնածությամբ զբոսնում էր նա միջին մեծ ծառուղիում։ Որդին առաջից վազում էր, բայց Բերտան այդ չէր նկատում, թեպետ սովորական ժամանակ վախենում էր, որ տղան նույնիսկ մի ակնթարթ թաքնվում էր գերեզմանաքարի ետևը։

Ամուսնի գերեզմանի վրա նա կանգ առավ, բայց գերեզմանը զարդարող ծաղիկներին չէր նայում, ինչպես սովորաբար, այլ գերեզմանի կողքով, գերեզմանատան պատի վրայով դեպի կապույտ երկինքն էր նայում։

83