Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եթե ես չեմ սխալվում, ձեր արյունը իմից ավելի սառը չէ և նույնպես...

Բերտան նրա վրա մի այնպիսի զայրույթով նայեց, մի այնպիսի խորին զզվանքով, որ նա չկարողացավ սկսած նախադասությունը վերջացնել ու մի նորը սկսել.

— Աստվա՜ծ իմ, ի՜նչ կյանք եմ վարում ես այժմ։ Որքա՜ն ժամանակ է, որ չեմ տեսել իսկական կնոջ գգվանք, ձեզ նման կնոջ... Ես հասկանում եմ ձեր զայրույթը։ Գրողը տանի ամեն ինչ։ Իհարկե, սարսափելի է ինձ նման մի մարդու հետ կապվելը։ Թեպետ, գուցե դա այնքան էլ վատ չէ: Ահ, եթե լիներ իմ մոտ մի մարդկային հոգի, սիրելի, բարի, կանացի հոգի...— նա շեշտեց վերջին խոսքերը։ — Այո՛, ես էլ ձեզ նման երևակայել անգամ չէի կարող, որ ստիպված պիտի լինեմ խեղդվել ու տանջվել այս քաղաքի նման մի փոսի մեջ։ Դուք չպետք է վիրավորվեք, եթե ես, եթե ինձ...— Խոսքերը դավաճանում էին նրան, հենց որ նա մի քիչ մոտեցավ արդեն ճշմարտության։

Բերտան նայում էր նրան։ Նա այժմ Բերտային մի քիչ ծիծաղելի էր երևում, գրեթե խղճալի և շատ ծեր։ Բերտան զարմացավ, թե ինչպես այդ մարդը համարձակություն է ունեցել իրան հետևելու և նույնիսկ ձգտելու տիրանալ։

Զարմանքով ու ամոթով Բերտան նկատեց, որ այդ ծիծաղելի մարդու խոսքերը իր մեջ ինչ-որ աղոտ ցանկության էին գրգռում։

Կլինգեմանը լռում էր, բայց այն խոսքերը հնչում էին դեռ Բերտայի հոգում, կարծես այդ խոսքերը արտասանում էր մի ուրիշը, նա, որ սպասում էր իրան Վիեննայում։ Եվ նա զգում էր, որ չի կարողանալու դիմադրել։

Իսկ Կլինգեմանը շարունակում էր։ Նա գանգատվում էր, որ իր կյանքը փշրված է, փչացած, բայց որ արժե այդ կյանքը փրկել, որ կյանք են խորտակել իր կյանքը, և որ միայն կինը կարող է նրան փրկել։ Դեռ ուսանող ժամանակ նա կապվեց մեկի հետ։ Այն օրվանից էլ սկսվեց իր տանջանքը։ Նա իր փոթորկոտ կրքերի մասին էր խոսում, իսկ Բերտան լսում էր նրան ու ժպտում։ Բայց նա ամաչում էր իր ծիծաղի համար։ Նա գիտակցում էր, որ նրա համար է ծիծաղում, որ

86