Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերարտադրման ընթացքում կոմպակտ սկավառակի մակերևույթը լուսավորվում է փոքր հզորության (3-5 մՎտ) կիսահաղորդչային լազերի խիստ կիզակետված ճառագայթով, որն, անդրադառնալով կոմպակտ սկավառակի մետաղատոգորված մակերևույթից, օպտիկական համակարգի միջոցով ուղղվում է դեպի լուսընդունիչ։ Պտտվող կոմպակտ սկավառակից անդրադարձած լազերային ճառագայթը, հետևաբար և լուսընդունիչի ելքի հոսանքը մոդուլված են ըստ շավղի մանրաչափ փոսիկների (պիտերի)։

Ավտոմատ կարգավորման համակարգը ապահովում է գրանցման շավղին ավտոմատ կերպով հետևելը, լազերային ճառագայթի համընկնումը շավղին, տվյալ կետում հաստատուն գծային արագության (1,2 մ/վ) պահպանումը կոմպակտ սկավառակի պտտման հաճախության համապատասխան փոփոխմամբ, լազերային ճառագայթի ավտոմատ կիզակետումը։

Ձայնի թվանշանային ազդանշանների կոդավերծանման սարքը լուսընդունիչի ելքից եկող էլեկտրական թվանշանային ազդանշանը կերպափոխում է ձայնային հաճախության անընդհատ (անալոգային) ազդանշանի (գրանցված ձայնային ծավալահնչական ազդանշանների վերականգնում)։ Ուժեղացնելուց հետո վերականգնված ազդանշանները կարելի է լսել ձայնական համակարգերի կամ ծավալահնչական ականջակալների միջոցով։

Կառավարման և ցուցանշման համակարգը, որպես կանոն, բաղկացած է միկրոԷՀՄ-ից, որը մշակում է լրացուցիչ տեղեկություն գրանցված ծրագրի մասին, հիշում այդ տեղեկությունը և մի մասն ուղարկում ցուցանշման սարք, կարող է կառավարել գրանցման անհրաժեշտ հատվածների փնտրումն ու վերարտադրումը։

Էլեկտրանվագարկիչի համեմատ Լ. ն-ի հիմնական առավելություններն են վերարտադրման բարձր որակը, բազմակի վերարտադրման դեպքում ձայնագրության որակի պահպանումը, լրիվ ավտոմատացումը և վերարտադրման ընթացքի ծրագրավորման հնարավորությունը։


ԼԱՊՏԵՐ էլեկտրական, ըստ հոսանքի աղբյուրի տեսակի, լինում են մարտկոցով, կուտակիչով և էլեկտրադինամիկական Լ-ներ։

Առավել տարածված են մարտկոցով Լ-ները, որոնցում հոսանքի աղբյուրը գալվանական տարրերն են (մարտկոցներ)։ Լ-ի ձևն ու կառուցվածքը պայմանավորված են կիրառվող տարրի տեսակով։ Ուղղանկյունաձև Լ-ում օգտագործվում է 4,5 Վ Էլշուով 1 մարտկոց, գլանաձև Լ-ում՝ 1,6 Վ Էլշուով 2 կամ 3 հաջորդաբար միացված տարրեր։

Կուտակիչով Լ-ի հոսանքի աղբյուրը 2 հաջորդաբար միացված կուտակիչներից (յուրաքանչյուրը 1,2 Վ լարումով) հաջորդաբար մարտկոցն է։ Լ-ի մեջ գտնվող կիսահաղորդչային ուղղիչ հարմարանքի միջոցով կուտակիչները կարելի է վերալիցքավորել (տևում է 15-18 ժամ) էլեկտրական ցանցից։

Էլեկտրադինամիկական Լ. սնվում է մանրաչափ գեներատորից, որը գործարկվում է Լ-ի լծակը ձեռքով սեղմելիս։ Հարմար է նրանով, որ մարտկոցի կամ կուտակիչի կարիք չունի, սակայն աշխատեցնելու համար անընդհատ պետք է մկանային ուժ գործադրել. բացի այդ, գեներատորի աշխատանքն ուղեկցվում է աղմուկով։

Թողարկվում են ամենօրյա օգտագործման անջրանցիկ իրանով (օրինակ, ստորջրյա լողի համար), ազդանշանային (այդ թվում՝ ավտոմոբիլային), զբոսաշրջիկների (վրանի լուսավորման համար), հուշանվերային (օրինակ, Լ-ռադիոընդունիչ) և այլ Լ-ներ։

ԼԱՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, էլեկտրական կենցաղային զանազան սարքերի և լամպերի, ների, հեռուստացույցների, մագնիտոֆոնների և այլ սարքերի աշխատանքը զգալիորեն կախված է կիրառվող սնուցման լարումից (բնակարանային էլեկտրական ցանցից կամ հաստատուն հոսանքի աղբյուրներից կուտակիչներից, մարտկոցներից)։ Էլեկտրական լարումը չափվում է վոլտերով կամ դրա ածանցյալ միավորներով կիլովոլտերով (կՎ), միլիվոլտերով (մՎ), միկրովոլտերով (մկՎ)։ Բնակարանային ցանցերի անվանական էլեկտրական լարումը 220 Վ կամ 127 Վ է։ Անհրաժեշտ է հիշել, որ 127 Վ լարման համար նախատեսված սարքերը և լամպերը 220 Վ լարում ունեցող ցանցին չի կարելի և նույնիսկ վտանգավոր է միացնել, քանի որ սովորաբար դրանք անմիջապես շարքից դուրս են գալիս, իսկ որոշ դեպքերում կարող է և հրդեհ առաջանալ։

Էլեկտրական սարքերը և լամպերը կանոնավոր աշխատում են միայն իրենց վրա նշված լարման պայմաններում։ Լարումը բարձրանալու դեպքում սարքերի և լամպերի ծառայության ժամկետը կրճատվում է, նվազելու դեպքում լամպերը թույլ են լուսավորում, սարքերը վատ են աշխատում կամ բոլորովին չեն աշխատում։ Նման դեպքերում էլեկտրասարքերի, հատկապես ցանցից սնվող հեռուստացույցների և ռադիոընդունիչների կանոնավոր աշխատանքի համար հարկավոր է օգտագործել լարման կայունարար (տես Կայունարար լարման) կամ լարման այլ կարգավորիչներ (օրինակ, լարման աստիճանավոր կամ սահուն կարգավորումով ավտոտրանսֆորմատորներ)։