Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմիջապես անջատել Ռ. և դիմել մասնագետի։ Տարին մեկ-երկու անգամ (երաշխիքային ժամկետը լրանալուց հետո) անհրաժեշտ է մաքրել Ռ.։ Դրա համար այն անջատում են, հետնապատը հանում և փչելով (օրինակ, փոշեծուծով) հեռացնում փոշին։ Դժվարամատչելի տեղերը հարմար է մաքրել ռետինե տանձիկով, միաժամանակ վրձինով հեռացնելով փոշին։ Բաց տեղերից փոշին ու կեղտը հեռացնում են խոնավ շորով։ Խորհուրդ չի տրվում հանել ընդունիչի տակի կափարիչը (տակդիրը) և մաքրել հավաքակցված հանգույցները։

Տան պայմաններում, բացի ապահովիչները, լամպերն ու սնուցման տարրերը փոխելուց, կարելի է կատարել միայն թեթև նորոգում (թուլացած բռնակների ամրացում, խցակի երկժանու կարգավորում ևն), որի համար հարկ չի լինում ընդունիչը քանդել։ Մնացած բոլոր դեպքերում հարկավոր է դիմել նորոգման արհեստանոց։

ՌԱԴԻՈԼԱ, ընդհանուր պատյանում միավորված ռադիոընդունիչից և էլեկտրոֆոնից բաղկացած համակցված կայանք։ Արտադրում են նաև մագնիտոռադիոլաներ՝ Ռ-ի և մագնիտոֆոնի համակցությունը։ Լինում են կառուցվածքորեն հեռուստացույցի հետ միավորված Ռ-ներ։ Ըստ որակը բնորոշող տեխնիկական բնութագրերի (պարամետրերի)՝ Ռ-ները, ռադիոընդունիչների նման, բաժանվում են բարդության խմբերի։ Լինում են անշարժ (սենյակի, հատակադիր) և փոխադրովի Ռ-ներ։ Ըստ սնման եղանակի տարբերում են ցանցից և հաստատուն հոսանքի ինքնուրույն աղբյուրներից (մարտկոցներ, կուտակիչներ) սնվող Ռ-ներ։ Որոշ (սովորաբար տրանզիստորային) Ռ-ներն ունեն համապիտանի սնուցում (6 Վ, 9 Վ կամ 12 Վ լարման մարտկոցներից և փոփոխական հոսանքի 127 Վ կամ 220 Վ լարման էլեկտրական ցանցից Ռ-ի իրանի մեջ ներկառուցված հատուկ ուղղիչի միջոցով)։

Ընդունիչի և օժանդակ (սպասարկու) սարքվածքների կառավարման բռնակներից բացի, Ռ. սովորաբար ունենում է սկավառակի պտտման հաճախության փոխարկիչ՝ 78, 45 և 33 1/3, իսկ երբեմն նաև 16 2/3 պտ/ր պտուտաթվերով՝ տարբեր գրամոֆոնային ձայնասկավառակների համար, նվագարկումից հետո սկավառակի պտույտն ավտոմատորեն դադարեցնելու ինքնականգ, էլեկտրանվագարկիչ սարքի միացման ցուցիչ, ձայնահանի գլխիկի սահուն իջեցումը ձայնասկավառակի վրա ապահովող միկրովերհան ևն։ Ներմուծական որոշ Ռ-ներում կան հատուկ սարքվածքներ, որոնք ավտոմատորեն փոխում են ձայնասկավառակները։ Բարձր կարգի Ռ-ներում հաճախ կիրառում են առանձնապես երկարակյաց ալմաստե ասեղով ձայնահան։ Ծավալահունչ ձայնագրությունը վերարտադրող Ռ-ներն ունեն երկանցուղի ծավալահունչ ձայնահան և ուժեղարարների ու բարձրախոսների երկու համակարգ, ծավալահունչ Ռ-ների տարբերիչ առանձնահատկությունը առանձին պատյաններում ամփոփված բարձրախոսներն են (տես Ձայնական համակարգ):

Ռ-ից օգտվելու կանոններն ու նրա խնամքը նույնն են, ինչ ռադիոընդունիչինն ու էլեկտրաֆոնինը:

ՌԱԴԻՈԼԱՄՊ, էլեկտրոնային լամպ, էլեկտրոնային սարք էլեկտրական շղթայում հոսանքը (հոսանքի տատանումները) կառավարելու համար։ Էլեկտրոնային լամպերի օգնությամբ ռադիոսարքերում իրականացվում է էլեկտրական տատանումների հարուցումը (գրգռումը), ուժեղացումը, դետեկտումը, կերպափոխումը և այլ պրոցեսներ (տես Ռադիոընդունիչ): Ռ-ի հիմնական մասերն են ապակե կամ մետաղե թարձրավակուումային (նոսրացրած օդով) բալոնը, ոտիկներով (ցցիկներով) լամպակոթը՝ լամպը էլեկտրական շղթային միացնելու (լամպավահանակի մեջ տեղադրելու) համար և ներքին էլեկտրոդները կաթոդը, անոդն ու դրանք բաժանող ցանցերը (սովորաբար կաթոդը շրջապատող մետաղալարե պարույրների կամ վանդակների տեսքով)։ Էլեկտրական հոսանքով տաքացվող կաթոդն առաքում է էլեկտրոններ (ջերմաէլեկտրոնային էմիսիայի երևույթ), որոնք, լամպը շղթային միացնելիս, դատարկության միջով թռչում են դեպի անոդը՝ ստեղծելով էլեկտրական հոսանք։ Ցանցերի օգնությամբ կառավարում են այդ հոսանքի մեծությունը։

Սնման հոսանքի տեսակից կախված՝ Ռ-երը լինում են ցանցային (տաքացումային) և մարտկոցային։ Ցանցային Ռ-երում կաթոդը մի խողովակ է, որը ներսից տաքացվում է փոփոխական հոսանքից շիկացող թելիկով։ Մարտկոցային լամպերում որպես կաթոդ է ծառայում հաստատուն հոսանքով սնվող շիկացման թելիկը։

Առավել տարածված են մետաղե և մանրաչափ ապակե բալոններով («մատնաչափ») Ռ-երը, որոնք կիրառվում են համարյա բոլոր լամպային ռադիոսարքերում։ Ռ-երը, հատկապես մարտկոցային, հարկավոր է զերծ պահել հարվածներից ու ցնցումներից։ Ռ-երը գնելիս հարկավոր է դրանք ստուգել խանութում հատուկ սարքով։ Լամպի ծառայության ժամկետը (միջին հաշվով 1000 ժամ) սովորաբար նշվում է գործարանային տեղեկաթերթիկում (երբեմն՝ փաթեթվածքի վրա), այդ ժամկետը լրանալիս խորհուրդ է տրվում լամպը փոխարինել նորով, որովհետև նախատեսված ժամկետից ավելի աշխատելիս լամպը դառնում է ոչ լիարժեք և համապատասխանաբար վատացնում սարքի աշխատանքն։

Ռ-երի անսարքության ընդհանուր նշաններն են. կայանքի ուժեղացման գործակցի փոքրացումը (հնչողության բարձրաձայնության նվազումը, հեռուստացույցներում՝ պատկերի պայծառության թուլացումը), ձայնի աղավաղումները (խռխռոցը), որոնք ամենից հաճախ պայմանավորված են լամպի բալոնի մեջ օդի ներթափանցումով (լամպերի որոշ տեսակներում դա դրսևորվում է բալոնի ներսում երկնագույն լուսարձակման առաջացմամբ) ևն։ Ռ-երը փոխարինելիս անհրաժեշտ է հետևել, որ լամպի ցցիկները ճշտորեն համընկնեն լամպավահանակի բնիկներին, որովհետև ճիշտ չմիացված լամպը շուտ է փչանում։ Լամպերը պետք է տեղագրել ու հանել զգուշորեն, առանց զգալի ճիգերի, այլապես ցցիկները կարող են հեշտությամբ ծռվել (հատկապես «մատնաչափ» լամպերինը), բալոնը ճաքել, դժվար հանվող լամպը չպետք է տարուբերել, այլ հարկավոր է պտուտակիչի կամ դանակի ծայրով տակից մի փոքր բարձրացնել։

Շատ դեպքերում Ռ-երը հաջողությամբ փոխարինվում են էլեկտրոնային կիսահաղորդչային սարքերով, որոնք ավելի դիմացկուն են ու երկարակյաց (այդպիսի սարքերը կարող են աշխատել մինչև մի քանի հազար ժամ)։ Տես նաև Տրանզիստոր:

ՌԱՏԻՑԻԴՆԵՐ, ռոդենտիցիդներ, զոոցիդներ, կրծողներին ոչնչացնելու