Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանգարումների նկատմամբ և պարզեցված կառավարումը։

Ժամանակակից, այդ թվում նաև համակցված կայանքների կազմի մեջ մտնող Ռ-ները (բացի 0,3 դմ³-ից պակաս ծավալով փոքրաչափ և հուշանվերային ընդունիչները), ըստ իրենց պարամետրերի և օժանդակ (սպասարկու) հարմարանքների առկայության, բաժանվում են բարդության 4 խմբի (տեսակի). բարձրագույն, I, II և III։ Բարդության բարձրագույն խմբին են պատկանում կառուցվածքով առավել բարդ, այդ թվում և ծավալահնչական համալիրների մեջ մտնող, սպասարկու հարմարանքների մեծ հավաքածուով Ռ-ները. դրանք աչքի են ընկնում առավել ճշգրիտ պարամետրերով և ընդունում են տեղական ու հեռավոր կայանների մեծ թվով հաղորդումներ բոլոր ընդգրկույթներում։ Ունեն ձայնական համակարգեր, որոնք ապահովում են հնչողության բարձր որակ և ստեղծում ծավալահնչունային էֆեկտ կամ ծավալային հնչողության տպավորություն։

Բարդության առաջին խմբին են պատկանում տրանզիստորային ընդունիչները, որոնք իրենց պարամետրերով համարյա չեն զիջում բարդության բարձրագույն խմբի ընդունիչներին, բայց ունեն ավելի քիչ սպասարկու հարմարանքներ։ Բարդության երկրորդ և երրորդ խմբերին են պատկանում պարզեցված Ռ-ները, որոնց պարամետրերը պակաս ճշգրիտ են, քան առաջին խմբի ընդունիչները, ինչպես նաև ոչ մեծ չափի զանգվածային մոդելները, որոնք ունեն ալիքների 2-3 ընդգրկույթ և նախատեսված են առավելապես տեղական ռադիոկայանների հաղորդումներն ընդունելու համար, սովորաբար մեկ բարձրախոսով վերարտադրվող հնչողության որակը համեմատաբար ցածր է։

Ընդունիչների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում փոխադրովի Ռ-ները։ Արտադրվում են ինչպես ամենաբարձր որակի մոդելներ, այնպես էլ զանգվածային էժան ընդունիչներ։ Այդպիսի ընդունիչները, որպես կանոն, ունեն ոչ մեծ զանգված, հուսալի են, հեշտ կառավարվող, տեղափոխելու համար հարմար, քանի որ ինքնուրույն սնուցման և ներկառուցված մագնիսական անտենայի շնորհիվ թույլ են տալիս ռադիոհաղորդումներ ընդունել նույնիսկ քայլելիս կամ ավտոբուսով, գնացքով, ջերմանավով ճանապարհորդելիս։

Ինչ է անհրաժեշտ իմանալ, ռադիոընդունիչ ձեռք բերելիս։ Հեռավոր կայանների հաղորդումները սենյակի անտենայով լավ ընդունելու համար պահանջվում է բարձր որակի զգայուն ընդունիչ։ Հեռավոր շրջաններում նախապատվությունը հարկավոր է տալ բարդության բարձրագույն կամ առաջին խմբի Ռ-ներին։ Խոշոր քաղաքներում, որտեղ, խանգարումների պատճառով, հեռավոր շատ կայանների ընդունումը գործնականում անհնար է, միանգամայն բավարար են աշխատում ավելի պարզ ընդունիչները, որոնք նախատեսված են առավելապես տեղական կայանների հաղորդումները լսելու համար։

Ռադիոընդունիչի տեղակայումն ու միացումը։ Ռ. տեղակայելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ ընդունիչին կից տրվող բացատրագրին և պատյանի հետևի պատի մակագրություններին։ Ռ-ի համար ընտրում են չոր, ոչ տաք տեղ, հնարավորին չափ հեռու ջեռուցիչ սարքերից ու պատուհաններից։ Ռ-ի և անտենայի հողակցման լադերը պետք է որքան հնարավոր է կարճ լինեն։ Չի թույլատրվում անտենայի փոխարեն օգտվել լուսավորության կամ ռադիոտրանսլյացիոն ցանցից։ Սենյակի կամ ներկառուցված անտենա օգտագործելիս հողակցումը պարտադիր չէ։ Արտաքին անտենայից օգտվելիս անհրաժեշտ է ամպրոպային փոխարկիչ՝ պարպիչով ու հողակցիչով։ Արգելվում է որպես հողակցիչ օգտագործել կենտրոնական ջեռուցման մարտկոցները և գազամուղի խողովակները։ Ավտոտրանսֆորմատորով ուղղիչ կամ սնման անտրանսֆորմատոր սխեմա ունեցող ցանցային Ռ-ին չի թույլատրվում հողակցման լար միացնել, այդպիսի ընդունիչը սովորաբար ունենում է համապատասխան ցուցումներ բացատրագրի մեջ և նախազգուշական մակագրություն՝ պատյանի հետևի պատի վրա։ «Անտենա» և «Հող» բնիկներին միացումը խորհուրդ է տրվում կատարել հատուկ միաբևեռ երկժանիների օգնությամբ։ Բոլոր միացումները պետք է լինեն հուսալի և կիպ, լարի միացման տեղերը ցանկալի է զոդել և պաշտպանել մեկուսիչ ժապավենով (խորհուրդ է տրվում օգտագործել քլորվինիլային ժապավեն)։

Ցանցային Ռ. միացնելու համար լարման փոխարկիչը պետք է դնել 127 Վ-ի կամ 220 Վ-ի վրա՝ ըստ ցանցի լարման։ Ինքնուրույն սնուցումով ընդունիչը միացնելուց առաջ սովորաբար բավարար է ուշադիր ծանոթանալ բացատրագրին և ստուգել սնուցման տարրերի միացման ճշտությունը, դրանց տեսակի ու քանակի համապատասխանությունը նկարագրության մեջ տրված ցուցումներին։

Ռադիոընդունիչի օգտագործումը։ Ցանցից սնվող Ռ-ում կան մանրամասներ, որոնք միացված վիճակում գտնվում են բարձր լարման տակ։ Ուստի չի կարելի փոխել ապահովիչները, հանել հետնապատը կամ փոխել լարումը, առանց Ռ. ցանցից անջատելու։

Հրդեհից խուսափելու համար չի կարելի միացրած Ռ. թողնել առանց հսկողության. այն միացնելիս անհրաժեշտ է միշտ հողակցել դրսի անտենան։ Ամպրոպի ժամանակ խորհուրդ է տրվում Ռ. անջատել դրսի անտենայից և լուսավորության ցանցից խցակի երկժանին հանելով վարդակից։ Ընդունիչի ապահովիչը միշտ պետք է համապատասխանի բացատրագրի մեջ նշված անվանական արժեքին, միանգամայն անթույլատրելի է այն փոխարինել մետաղալարով կամ այլ ոչ ստանդարտ հաղորդիչներով։

Կարևոր է հետևել սնուցման լարմանը։ Երբ վերջինս նվազում է, ընդունիչի ձայնը ցածրանում է, երբեմն խռխռոց է լսվում։ Գերլարումը հանգեցնում է լամպերի արագ շարքից դուրս գալուն և որոշ մանրամասների փչանալուն։ Ցանցի լարման զգալի փոփոխությունների դեպքում ցանցային Ռ-ները հարկավոր է միացնել ավտոտրանսֆորային մատորի կամ, ավելի լավ է, ավտոմատ լարման կայունարարի միջոցով (տես Կայունարար լարման):

Անհրաժեշտ է Ռ. զերծ պահել հարվածներից ու ցնցումներից, գերտաքանալուց, խոնավությունից ու փոշոտվելուց։ Աշխատանքի ժամանակ թրթռումը մեղմելու, ինչպես նաև դռդռոցից ու կողմնակի այլ ձայներից խուսափելու համար Ռ. պետք է տեղադրել խիտ գործվածքով կամ թաղիքով ծածկված կայուն հենակալի վրա։ Ռ-ի վրա պետք չէ դնել կողմնակի առարկաներ։ Բռնակներն ու ստեղները հարկավոր է շարժել սահուն կերպով, առանց ճիգի։

Երկար աշխատելու հետևանքով ընդունիչի թույլ տաքանալը բնականոն երևույթ է։ Գերտաքացման չնչին նշանների, առավել ևս ծխի կամ այրածահոտի երևան գալու դեպքում հարկավոր է