Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են նույն տեսակի վենտիլային գլխիկներ: Խառնիչների ու ծորակների արատները և դրանց վերացման եղանակները նույնն են:

Բոլոր խառնիչները (կենտրոնական տեսակի խառնիչներից բացի) ջրատար խողովակներին են միացնում ագուցամանեկով և փոխադրիչ ականոցով։ Խառնիչների ականոցները պատրաստում են թեթևակի կորացված, այնպես, որ մուտքի և ելքի անցքերի առանցքների միջև հեռավորությունը լինի 4-6 մմ (նկ. 9)։ Փոխադրիչ ականոցն անհրաժեշտ է, քանի որ ջրատար խողովակների առանցքների և խառնիչի կողամասերի առանցքների հեռավորությունները հաճախ չեն համընկնում։

Խառնիչը փոխելիս պետք է ստուգել փոխադրիչ ականոցների և կողամասերի միջև եղած միջադիրների վիճակը։ Չորացած և ճաքճքված միջադիրներն անհրաժեշտ է փոխարինել նոր 3-5 մմ հաստության և միջին կոշտության շերտավոր ռետինից պատրաստված միջադիրներով։

Ցնցուղ-ջրածորան փոխարկիչը գտնվում է խառնիչի իրանում և միացված է կողամասերին, ցնցուղին և ջրածորանին։ Առավել տարածված են կոնաձև խցանով խառնիչները։ Խցանը (սնամեջ մետաղե կոն) ծառայում է կողամասերից եկող ջուրը խառնելու և ցնցուղին ու ջրածորանին ուղղելու համար։ Խցանը տեղադրվում է խառնիչի իրանի կենտրոնի կոնաձև անցքի մեջ։ Խառնիչի հաճախ հանդիպող թերությունը ջրի միաժամանակյա հոսքն է ջրածորանից և ցնցուղից, որի պատճառը կոնաձև անցքի և խցանի մակերևույթի միջև եղած արանքն է: Խառնիչի աշխատանքը կանոնավորելու համար պետք է խցանը նորից կիպահղկել, խառնիչից հանած կոնի մակերևույթին քսելով հատուկ մածուկ, և, կոնը դնելով տեղը, փոխարկիչը մի քանի անգամ դարձնել։ Կիպահղկիչ խառնուրդ կարելի է պատրաստել նախապես մաղած ապակու փոշուց (70-80 %) և պարաֆինից (20-30 %):

Ցնցուղի հաճախ հանդիպող անսարքություններն են ջրի կաթոցը ցնցուղի փողի կամ ճկափողի և խառնիչի միացման մասից, ճկափողի ռետինե խողովակի պատռվածքը, ցնցուղի ցանցի խցանումը։ Եթե ցնցուղի փողի և խառնիչի միացման մասից (նկ. 7) ջուր է կաթում, փոխում են ագուցամանեկի տակի միջադիրը (ճկափողի մոտ) կամ ձգում միացնող մանեկը (ցնցուղի փողի վրա), կամ էլ ցնցուղի փողի պարուրակին փաթաթում են վուշե թել՝ միացումը կիպացնելու համար։

Ճկափողի ռետինե խողովակը փոխելու համար այն անջատում են խառնիչից, հանում բռնակով ցնցուղը, այնուհետև ռետինե խողովակի մի ծայրից հեռացնում են պլաստմասսայե ականոցը, խողովակը դուրս քաշում մետաղական հյուսվածապատվածքից, փոխարենը տեղադրում նորը, ձգում ծայրերի պլաստմասսայե ականոցները և ճկափողը միացնում ցնցուղին ու խառնիչին։

Երկար օգտագործելուց ցնցուղի ցանցը կեղտոտվում է, խցանվում։ Այն մաքրում են բզով կամ հաստ ասեղով, ապա լվանում ջրաշիթով։

Հաճախ հանդիպող անսարքություններից է ջրի վատ արտահոսքը լոգնոցից կամ լվացակոնքից, որն առաջանում է սիֆոնի կամ կողմնատար խողովակների խցանման կամ պատերին նստվածքի գոյացման հետևանքով։ Ոչ մեծ խցանումները վերացնում են վանտուզով՝ այն դնելով արտաթողման մասում այնպես, որ եզրերը կիպ սեղմվեն լվացակոնքի մակերևույթին (նկ. 10)։ Լվացակոնքի (լոգնոցի) մեջ այնքան ջուր են լցնում, որ վանտուզի ռետինե թասակը ծածկվի, այնուհետև կոթի մի քանի կտրուկ հրումներով ճկում թասակը։ Միաժամանակ թաց շորով խցում են գերլցումից պահպանող արտահեղման անցքը։ Երկբաժանմունք լվացակոնքի խցանումը մաքրելիս փակում են թե՛ արտահեղման, թե՛ մյուս բաժանմունքի արտաթողման անցքերը։

Մեծ խցանումների դեպքում անհրաժեշտ է լինում մաքրել սիֆոնը։ Առավել տարածված են պլաստմասսայե շշաձև և խողովակաձև սիֆոնները (նկ. 11)։

Շշաձև սիֆոնը մաքրելիս հանում են տղմազտիչը (տակի կափարիչը) և երկար մետաղալարով մաքրում սիֆոնի խոռոչը։ Ավելի լավ մաքրելու համար սիֆոնն ամբողջությամբ հանում են և լվանում տաք ջրով (շիթն ուղղում են հակառակ կողմից)։ Ռետինե կիպացնող