է մի քանի տեղ փոքր աղամաններ դնել։ Կենտրոնին մոտ դնում են սառը խորտիկները։ Հացամանները դնում են սեղանի տարբեր ծայրերում։ Ըմպելիքը դասավորում են սեղանի միջին գծով, տարբեր տեղերում։ Մեծ, տափակ ափսեները դնում են իրարից հավասար հեռավորության վրա։ Տափակ ափսեի վրա դնում են խորտիկի, իսկ ձախից՝ կարկանդակի փոքր ափսեն։ Սպասքը դասավորում են այնպես, ինչպես ամենօրյա սպասքավորման ժամանակ։ Բացառիկ հանդիսավոր ճաշկերույթի սեղան սպասքավորելիս ավելացնում են ձկան և խորտիկի պատառաքաղներ և դանակներ։
Ըմպանակները դնում են ափսեի առաջ։ Տոնական սեղանի ըմպելիքների բազմազանության դեպքում յուրաքանչյուր սպասքի մոտ դրվող ըմպանակների թիվը կարող է հասնել 5-ի։ Դրանք դասավորում են երկու շարքով, առաջինում՝ թունդ խմիչքի, մադերայի կամ պորտվեյնի ըմպանակները և հանքային ջրի գավաթը, երկրորդում՝ սեղանի սպիտակ գինու ըմպանակը և շամպայնի գավաթը։ Աղանդերի դանակը, պատառաքաղը և գդալը կարելի է մատուցել ճաշկերույթի վերջում՝ աղանդերի ափսեի հետ։
Բոլոր գինիները (շամպայնից բացի) սեղանին են դնում խցանահանած։ Սովորական խցանները կարելի է փոխարինել հատուկ ձևավոր խցաններով։ Շամպայնը բացում են լցնելուց անմիջապես առաջ։ Բոլոր ուտեստների և խորտիկների հետ դնում են գդալ, պատառաքաղ, թիակ կամ ունելի։
ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ (ընտրությունը, բազմացումը և խնամքը), սենյակում աճեցվող բույսերի ճիշտ ընտրության համար հարկավոր է իմանալ դրանց կյանքի անհրաժեշտ պայմանները (լուսավորություն, ջերմություն և օդի խոնավություն), և դրանք առավելագույն չափով մոտեցնել բնականին։ Բույսի կյանքի և զարգացման հիմնական պայմաններից մեկը լուսավորությունն է։ Տարբերում են լուսասեր, ստվերադիմացկուն և ցրված լուսավորություն պահանջող բույսեր։
Լուսասեր բույսերից են անապատային և լեռնային շրջաններում աճող բոլոր բույսերը՝ կակտուսները և չորաբնակ այլ բույսերը (սուկուլենտներ), որոնց տերևները կամ ցողունները պարունակում են մեծ քանակությամբ պահեստային ջուր, ինչպես նաև գեղեցիկ ծաղկող բույսերի մեծ մասը՝ շքանարգիզը, հասմիկը, հերձաբույսը, ծովանարգեսը, խորդենին: Լուսասեր են նաև խայտաբղետ տերևներով շատ բույսեր, որոնք մթության մեջ կամ ստվերում կորցնում են գույների պայծառությունը (օրինակ, պատենենին, կրոտոնը, սետկրեազեան, կորդիլինեն, ստրոբիլանտեսը)։
Ցրված լուսավորություն պահանջող բույսեր են՝ ծնեբեկը, բեգոնիան, լեզվաբույսը, ուզումբարական մանուշակը, ֆուքսիան, էուխարիսը, պղպեղուկը, Ամերիկայի արևադարձային անտառների ցածրաճ խոտերը՝ նետարմատները, կալատեան, ստրոմանտեն, կտենանտեն, ֆիտոնիան, բրոմելիաների ընտանիքի շատ էպիֆիտ բույսեր, որոնք ապրում են մեկ այլ բույսի (էխմեա, ֆրեզիա, բիլբերգիա, արեգելիա, կրիպտանտուս) վրա և առնչություն չունեն հողի հետ։
Ստվերադիմացկուն բույսերից են՝ պտերները, մկնափուշը, ծոփորը, ֆիլոդենդրոնը, սինգոնիումը, սցինդապտուսը, սպատիֆիլյումը, ռուելիան, օձաբույսը, բաղեղը, տրադեսկանցիան, զեբրինան, սարկոկոկը, սողացող ֆիկուսը, Վուանի խաղողը, շատ փշատերևավորներ ևն։