Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է` Ա, միջազգայինը` A։ Մարդն զգում է իր մարմնով անցնող հոսանքը, եթե այն 0,5 մԱ-ից (միլիամպեր) պակաս չէ. 50 մԱ հոսանքը վտանգավոր է կյանքի համար։ Բնակարանային ներանցիչը (հոսանքի հաղորդալարը) հաշվարկված է 5-ից մինչև 20 Ա ուժի հոսանքի համար, 60 Վտ հզորությամբ շիկացման լամպում, 220 Վ լարման դեպքում, հոսանքը կազմում է մոտավորապես 0,3 Ա։

Ամպեր.ժամ, էլեկտրականության քանակի միավոր, որը կիրառվում է կուտակիչների և գալվանական տարրերի ունակությունը չափելու համար։ Հայերեն կրճատ նշանակումն է՝ Ա.ժ, միջազգայինը՝ A.h։

ԱՆՋԱՏԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ըստ կառուցվածքի տարբերում են դարձուն, անդրաձիգ և կոճակային անջատիչներ։ Ըստ արտաքին ձևավորման և օգտագործման նպատակի՝ լինում են բաց և թաքնված հաղորդագծերի, ինչպես նաև ներքին տեղակայման (էլեկտրական սարքերի ներսում) անջատիչներ։ Անդրաձիգ և կոճակային կառուցվածքի տարատեսակներից են ստեղնային անջատիչները։ Կան նաև շարժաթիթեղի (սողանիկի) ձև ունեցող անջատիչներ։ Առաստաղատակի և տեղային անջատիչները կիրառվում են սեղանի լամպերի, որմնալամպերի և հատակաջահերի համար, ղրանց միացումն ու անջատումը կատարվում է քուղի կամ շղթայիկի օգնությամբ։

Ժամանակակից ստեղնային անջատիչներն արտադրվում են մեկ, երկու կամ երեք ստեղներով։ Այդպիսի անջատիչները ճիգեր չեն պահանջում ստեղնը սեղմելու համար, անաղմուկ են և հուսալի։ Անջատիչը տեղակայելուց և միացումները կատարելուց հետո անհրաժեշտ է համոզվել, որ միացման լարերը չեն խանգարում ստեղնի բնականոն աշխատանքին։

Անջատիչն ընտրելիս, տեղակայելիս կամ փոխելիս հարկավոր է նկատի ունենալ, որ ցանցի լարումը կամ հոսանքի ուժը շղթայում չպետք է գերազանցեն նրա պատյանի վրա նշված արժեքները (օրինակ, 6 Ա, 220 Վ), այլապես անջատիչը կարող է չափից ավելի տաքանալ և հրդեհի պատճառ դառնալ։ Խոնավ սենյակներում (նկուղներում, մառաններում ևն) պետք է տեղադրվեն հատուկ անջրանցիկ անջատիչներ (պաշտպանական պատյաններով)։ Անհրաժեշտ է հիշել, որ անջատիչը սովորաբար խզում է դեպի էլեկտրական սարքը (օրինակ, լամպը) տանող երկու հաղորդալարերից միայն մեկը, և նույնիսկ այն ժամանակ, երբ շղթայում հոսանքը բացակայում է, թե՛ հաղորդալարերը, թե՛ սարքը մնում են լարման տակ, ուստի դրանց մետաղական լերկ մասերին դիպչելը վտանգավոր է կյանքի համար։


ԱՆՏԵՆԱ ընդունող, ռադիոընդունիչ կայանքի տարր, որը ծառայում է հաղորդող ռադիոկայաններից դեպի ընդունման կետը եկող էլեկտրամագնիսական ալիքների էներգիան բարձր հաճախության հոսանքների էներգիայի կերպափոխելու համար (տես Ռադիոընդունիչ, Հեռուստացույց): Ա-ների ձևերը, չափերն ու կառուցվածքը բազմազան են և կախված են պահանջվող պարամետրերից, ընդունվող ռաղիոալիքների երկարությունից և Ա-ի կիրառման նպատակից։

Հեռուստատեսային անտենաներ։ Քաղաքներում հեռուստատեսային ազդանշաններն ընդունվում են հիմնականում հեռուստատեսության կոլեկտիվ ընդունման համակարգերի (ՀԿԸՀ) արտաքին Ա-ներով, որոնք հաճախ կոչվում են կոլեկտիվ անտենաներ։ ՀԿԸՀ-ում մեկ կամ մի քանի արտաքին Ա-ներից բաղկացած ընդհանուր անտենային կայանքն ապահովում է տվյալ տեղանքն սպասարկող բոլոր հեռուստակենտրոնների ազդանշանների ընդունումը։ Ընդունող Ա-ին միացվում է ՀԿԸՀ-ի կաբելային բաշխիչ ցանցը, որը բաղկացած է սանդղավանդակով վերևից ներքև անցկացվող համառանցք կաբելից և նրան միացվող բաշխիչ բաժանորդային սարքերից, որոնք տեղադրվում են շենքի յուրաքանչյուր հարկում։ Բաշխիչ սարքերին էկրանավորված կաբելի օգնությամբ միացվում են ՀԿԸՀ-ի բաժանորդների հեռուստացույցները։ Անհրաժեշտության դեպքում այդ համակարգին միացվում են մեկ կամ մի քանի ուժեղարարներ՝ տան բաշխիչ ցանցում հեռուստատեսային ազդանշանների թուլացումը համակշռելու նպատակով։ Առավել մեծ տարածում են գտել 100-ից ոչ ավելի բաժանորդների թվով ՀԿԸՀ-ը (մեկ կոլեկտիվ արտաքին Ա. բազմահարկ շենքի մի մուտքի համար)։ ՀԿԸՀ-ը հեռուստատեսային ընդունման առավել կատարյալ ու հարմար ձև են։ Դրանք ապահովում են սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսային ծրագրերի լավ որակ։

Քաղաքում հեռուստատեսային ազդանշաններն ընդունվում են նաև սենյակի հեռուստատեսային Ա-ներով։ Արտադրում են տարբեր կառուցվածքի սենյակային Ա-ներ։ Սակայն այդպիսի Ա-ով ընդունման որակը միշտ չէ, որ բավարար է լինում, պատկերը կարող է լինել ոչ հստակ, բազմակոնտուր։ Մի շարք դեպքերում սենյակի Ա-ով ընդունման բավարար որակ կարելի է ստանալ շենքերի վերևի հարկերում, այն սենյակներում, որոնց լուսամուտները նայում են հեռուստակենտրոնին, ինչպես նաև վերջինից ոչ շատ հեռու (20-30 կմ) գտնվող տներում։

Գյուղական վայրերում հեռուստատեսության ազդանշաններն ընդունվում են ինչպես արդյունաբերական արտադրության, այնպես էլ ինքնաշեն անհատական արտաքին Ա-ներով։ Դրանցից պարզագույնը կիսալիքային տատանակն է։ Իջեցվածքի կաբելը սիմետրիկացնող կարճ միացված քառորդալիքային շլեյֆի միջոցով միացնում են Ա-ին։ Տատանակի և շլեյֆի չափերն ընտրում են ընդունվող անցուղուն համապատասխան։ Ինքնուրույն պատրաստման համար կարելի է հանձնարարել այսպես կոչված զիգզագաձև Ա.։ Այն կարելի է պատրաստել մատչելի նյութերից՝ փայտե ձողերից, մեխերից, լարերից, այդ պատճառով զիգզագաձև Ա. լայն տարածում ունի սկսնակ ռադիոսիրողների շրջանում։ Այդպիսի Ա. պատրաստվում է երկու տարբերակով, առաջինը 1-ից մինչև 5-րդ, երկրորդը՝ 6-ից մինչև 12-րդ անցուղիների համար։ Իջեցվածքի կաբելը միացնում են Ա-ին առանց լրացուցիչ սիմետրիկացնող համաձայնեցնող սարքերի։ Ա-ի ուղղորդվածության հատկությունները կարելի է բարելավել տեղադրելով մետաղե ցանցաձև անդրադարձիչ։ Ինքնուրույն կարելի է պատրաստել նաև շրջանակավոր Ա., որը նախատեսված է հեռուստատեսային մեկ-երկու կապուղիների ընդունման համար։

Հեռուստատեսային ընդունման մեջ, գործնականում, շատ լայն տարածում է գտել «ալիքային կապուղի» (ԱԿ) տեսակի Ա.։ Այն բաղկացած է ակտիվ տատանակից (օղակաձև կամ ուղիղ), անդրադարձիչից և մեկ կամ մի քանի ուղղորդիչներից։ Ա-ի տարրերը և կրող սլաքը,