Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի վրա տեղադրվում են այդ տարրերը, մեծ մասամբ պատրաստվում են ալյումինային համահալվածքների խողովակներից։ Ըստ իրենց ընդգրկույթի, ԱԿ տեսակի Ա-ները լինում են. ա. միանցուղի, բ. երկ-, եռանցուղի, գ. ընդգրկութային, օրինակ, 6-12-րդ կամ 21-41-րդ անցուղիների ընդունման համար։ Ա-ի այս տեսակն ունի լավ ուղղորդվածաթյուն, դրանով հեշտությամբ ձեռք է բերվում ուժեղացման գործակցի մեծ արժեք։

ՀԿԸՀ-ի համար նախատեսված, ինչպես նաև արդյունաբերական արտադրության անհատական Ա-ները պիտանի են սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսության ազդանշանների ընդունման համար։ Գունավոր պատկերման ազդանշանների ընդունման համար այս կամ այն Ա-ի օգտագործման հնարավորությունները գնահատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդպիսի ազդանշանների չաղավաղված ընդունումը պահանջում է Ա-ի ավելի հավասարաչափ հաճախային բնութագիր։ Ինքնաշեն Ա-ները, որպես կանոն, չեն բավարարում այդ պահանջը։ Հաճախությունների աշխատանքային շերտում Ա-ի պարամետրերի հաստատուն լինելուց բացի, գունավոր պատկերի չաղավաղված վերարտադրման համար ազդանշանի մակարդակը գունավոր հեռուստացույցի մուտքում պետք է էապես (2-3 անգամ) ավելի բարձր լինի, քան սև-սպիտակ պատկերի դեպքում։ Հեռուստակենտրոնից մեծ հեռավորությունների վրա, հատկապես ընդունման գոտու սահմանում ընդունելու դեպքում, այդ պահանջը կարելի է բավարարել, եթե Ա-ի ուժեղացման գործակցի արժեքները բավականաչափ մեծ են։

Ռադիոհաղորդման ազդանշանների ընդունման անտենաներ։ Ռադիոհաղորդումների զարգացման առաջին շրջանում, երբ հաղորդող ռադիոկայանների հզորությունը և ռադիոընդունիչների զգայունությունը համեմատաբար փոքր էին, որպես ընդունող Ա. երկար (ԵԱ), միջին (ՄԱ) և կարճ (ԿԱ) ալիքների ընդգրկույթներում հաճախ օգտագործվել է երկար հաղորդալարը, որը հորիզոնական ուղղությամբ ձգվել է գետնից կամ շենքի մետաղե տանիքից որոշ բարձրության վրա և ունեցել է իջեցվածք դեպի ռադիոընդունիչը։

Ժամանակակից ռադիոընդունիչների զգայունությունը և ռադիոհաղորդիչ կայանների հզորությունը այնքան մեծ են, որ վստահ ընդունման համար մեծ մասամբ բավարար է պարզ (ինքնաշեն) Ա., օրինակ, հաղորդալարի մեկ մետրից էլ պակաս երկարության հատվածը։

Ժամանակակից ռադիոընդունիչների մեծ մասում ԵԱ, ՄԱ և ԿԱ ընդգրկույթներում ընդունելու համար տեղակայվում է, այսպես կոչված, մագնիսական (ֆերիտային) անտենա, որը մոտավորապես մատիտի չափի ֆերիտային ձող է վրան փաթաթված մեկուսացված հաղորդալար։ Այդպիսի Ա. ունի լավ ուղղորդված գործողություն։ Տրանզիստորային շատ ռադիոընդունիչներ (ինչպես նաև փոխադրովի հեռուստացույցները) բացի մագնիսական Ա-ից, ունեն փոխագուցավոր անտենա, որը մոտավորապես հավասար երկարության մետաղե խողովակների մի տարաշարժուն համակարգ է։ Խողովակները մեկը մյուսի մեջ են մտնում որոշ շփումով, որն անհրաժեշտ է նրանց միջև էլեկտրական հպվածք ապահովելու համար։ Այդպիսի Ա., որն ըստ էության հաղորդալարի հատվածի մի տարատեսակ է, տարաշարժուն տարրերի համակարգի շնորհիվ թույլ է տալիս փոփոխել իր երկարությունը ռադիոկայանին