հողերում։ Օգտագործում են կոմպոստային, տերևային, տորֆային, ջերմոցի, կավաճմային հողերի խառնուրդներ և ավազ։
Կոմպոստային հողը պատրաստում են բույսերի մնացորդներից, խոտից, թափված տերևներից ևն։ Պետք է դրանք կույտ անել կան լցնել փոսի մեջ, այնուհետև վրան լցնել օճառաջուր, գոմաղբաջուր։ Փտելն արագացնելու համար կոմպոստը անհրաժեշտ է բահով շուռումուռ տալ 3-5 անգամ։ 2-3 տարի անց այն կարելի է օգտագործել։ Այս հողը սովորաբար ավելացնում են աղքատ հողերին (դրանց բերրիությունը բարձրացնելու համար)։
Տերևահողը պատրաստում են ծառերի (բացառությամբ կաղնու) թափված, փտած տերևներից։ Տերևները պետք է փոցխով հավաքել, կիտել, իսկ գարնանը և ամռանը 2-3 անգամ բահով շուռ տալ։ 2-3 տարի անց այդ հողը կարելի է օգտագործել։
Տորֆահող պատրաստելու համար պետք է ճահճային մարգագետինների քայքայված տորֆը կիտել, չծածկել, թողնել 1-2 տարի, որպեսզի բույսի վրա վնասակար ազդեցություն ունեցող հողի թթուները վերանան։
Ջերմոցային հոդը կան բուսահողը (հումուսահող) ստանում են ջերմոցներում օգտագործված կիտված և լավ փտած (սովորաբար 2 տարի) գոմաղբից։
Կավահողը վերցնում են կավահողային մարգագետիններից, կիտում և թողնում ձմեռելու, իսկ գարնանը բահով այն մի քանի անգամ պետք է շուռ տալ։
Ճմահողը պատրաստում են հետևյալ կերպ. ամռանը կամ վաղ աշնանը կտրած ճիմի կտորները (10-15 սմ լայնության և 30-35 սմ երկարության) շարում են իրար վրա այնպես, որ մեկի կանաչ կողմը ծածկվի մյուսի նույն կողմով, իսկ հողային կողմին լցնում 2-3 սմ շերտով գոմաղբ և դնում նոր ճիմ՝ նույն հերթականությամբ հասցնելով մինչև 1 մ-ի։ Փտելուց հետո (1 տարի անց) հողը կարելի է օգտագործել։ Տարբերում են թեթև ճմահող (որի մեջ գերակշռում են փտած բուսամասերը) և ծանր կամ կավաճմային (գերակշռում է կավահողը)։ Հողախառնուրդների մեծ մասին ավելացնում են գետի ավազ՝ մաքուր, սպիտակ։
Կախված բույսի տեսակից, տարիքից և զարգացման փուլից՝ նշված հողերը խառնում են տարբեր հարաբերություններով։
Բույսերի ջրումը։ Սենյակային բույսեր աճեցնողները սովորաբար դրանք չեն չորացնում, ավելի հաճախ են ջրում, որից արմատները փտում են։ Բույսերը պետք է ջրել սենյակի ջերմաստիճանի կամ դրանից 5-7 °C բարձր ջերմաստիճանի ջրով։ Կարելի է ջրել անձրևի, ձնհալի, արհեստական լճակների կամ ջրմուղի ջրով (որը նախապես պետք է լցնել և թողնել բաց ամանում, որպեսզի քլորը գոլորշիանա)։ Բույսերը պետք է ջրել այնպես, որ թաղարի ամբողջ հողը թրջվի և ջուրը թափվի տակդիրի մեջ։ Ծանր հողում աճող բույսերի տակդիրից պետք է ջուրն անմիջապես դատարկել, իսկ թեթև հողում աճող բույսերինը՝ 30 րոպեից մինչև մեկ ժամ հետո։ Որոշ՝ հատկապես խոնավասեր բույսերի (դուն) տակդիրում պետք է միշտ ջուր լինի։ Եթե հողախառնուրդը շատ է չորացել, ապա կարելի է թաղարը մինչև եզրը ընկղմել ջրի մեջ և թողնել մինչև թաղարի ամբողջ հողը թրջվի, օդի պղպջակները դադարեն դուրս գալուց։ Ջրելիս ցնցուղի քիթը պետք է դնել թաղարի եզրին։ Բույսը, որի սոխուկները կամ պալարները հողից դուրս են, պետք է հետևել, որ դրանց վրա ջուր չթափվի կամ ջրել տակդիրից։
Բացի ջրելուց, հարկավոր է նաև հեղուկացիրով ցողել հատկապես տաք եղանակներին։
Բույսերի տերևները պետք է երկու կողմից սրբել գոլ ջրով թրջած սպունգով կամ բամբակով, իսկ ակոսիկավորները մաս առ մաս սրբել փափուկ վրձնով։ Խիտ մազածածկով բույսերի (մի քանի տեսակի բեգոնիաներ, գլոքսինիաներ) տերևներից փոշին կարելի է հեռացնել խոզանակով կամ վրձնով։ Բույսերն անհրաժեշտ է շաբաթը մեկ