Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ սրբել, որովհետև փոշին խցանում է տերևների հերձանցքերը։ Բացի այդ՝ կեղտոտված բույսերը հաճախակի վարակվում են հիվանդություններով և հարուցիչներով։

Ծաղկամաններից լավագույններն են սովորական կամ տափակ կավե թաղարները, որոնց պատերի ծակոտկենության շնորհիվ թթվածինը մատչելի է բույսերի արմատներին։ Մետաղե կամ ջնարակված ամաններ չի կարելի օգտագործել։ Կակտուսները և հյութալի այլ բույսեր կարելի է մշակել պլաստմասսայե խորանարդիկներում։ Ամանը նախապես պետք է լավ լվանալ տաք ջրով ու օճառով և ախտահանել՝ խուսափելու համար բույսի հնարավոր վարակումից։

Բույսերի վերատնկումը և տեղափոխումը։ Ժամանակի ընթացքում թաղարի հողը աստիճանաբար աղքատանում է հանքային աղերից, ուստի բույսերը պարբերաբար պետք է վերատնկել թարմ հողի մեջ։ Բույսերը անհրաժեշտ է վերատնկել նաև, երբ դրանք վատ են աճում, տերևները թառամում են, արմատները պատում են թաղարի ամբողջ հողը կամ արմատամազիկները «թաղիք» են առաջացնում։

Նախքան վերատնկելը հարկավոր է բույսը առատ ջրել (բացառությամբ հյութալի բույսերի), որպեսզի թաղարի հողն ամբողջությամբ թրջվի։ Բույսը հողով թաղարից հանելով կարելի է որոշել վերատնկման անհրաժեշտությունը։ Եթե վերատնկելու հարկ չկա, ապա պետք է հողը թողնել նույնությամբ, իսկ բույսը տեղափոխել 2-3 սմ-ով մեծ թաղարի մեջ և հող ավելացնել։ Կարելի է տեղափոխել նաև ծաղկման ժամանակ, դրանից բույսի զարգացումը չի դանդաղում։ Նոր թաղարի կամ տակառի չափերը, չպետք է շատ գերազանցեն նախկինի չափերը։ Վերատնկում են սովորաբար գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Փոքր թաղարի հատակին հարկավոր է խեցու կտոր դնել, իսկ մեծի հատակին՝ խեցու կամ մանր քարերի շերտ (ցամաքուրդ), որի վրա լավ է դնել կտրտած տորֆամամուռ։ Վերջինս պաշտպանում է թաղարի հատակի ջրհոս անցքը խցանումից։ Վերատնկման ժամանակ շատ կարևոր է, որ արմատավզիկը հողով չծածկվի, ինչպես նաև դուրս չմնա հողից։ Ջրհոս անցք չունեցող արկղում բույսերը խմբով վերատնկելու դեպքում հարկավոր է ստեղծել լավ ցամաքուրդ, և բույսը զգուշորեն պետք է ջրել։ Վերատնկելուց կամ տեղափոխելուց հետո պետք է ցողունի շուրջը հողը փայտիկով կամ մատերով սեղմել և թաղարի եզրերը ջրելու համար ազատ թողնել։ Այնուհետև հարկավոր է բույսը ջրել, ցողել և դնել միջանցիկ քամուց և արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված տեղում։

Բույսերի սնուցումը։ Սննդանյութերի նկատմամբ բույսերի պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է հողը պարբերաբար պարարտացնել հանքային և օրգանական պարարտանյութերով։ Դրանք լուծույթի ձևով տրվում են (1-2 շաբաթը մեկ) աճման և ծաղկման շրջանում։ Նոր վերատնկած կամ հիվանդ բույսերը հարկավոր չէ սնուցել։ Սնուցելուց 2 ժամ առաջ բույսը պետք է առատ ջրել մաքուր ջրով, որպեսզի հողը լավ թրջվի և պարարտանյութի լուծույթը չհոսի տակդիրի մեջ։ Որպես հանքային պարարտանյութ օգտագործվում են ամոնիումի կամ կալիումի բորակը, կալիումական աղը, սուպերֆոսֆատը։ Աճման շրջանում բույսը պետք է ջրել ամոնիումի բորակի (2 1/2 թեյի գդալ), սուպերֆոսֆատի (1 թեյի գդալ), կալիումի բորակի (1/2 թեյի գդալ) խառնուրդով՝ լուծված 10-12 լ ջրում, նախքան ծաղկելը և ծաղկելու ընթացքում՝ ամոնիումի բորակի (1/2 թեյի գդալ), սուպերֆոսֆատի (2 1/2 թեյի գդալ) և կալիումի բորակի (1 թեյի գդալ) խառնուրդով՝ լուծված 10 լ ջրում։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև պատրաստի պարարտանյութերի խառնուրդ (կցվում է բացատրագիր)։

Օրգանական պարարտանյութերը նույնպես դրական ազդեցություն են ունենում բույսի աճման և զարգացման վրա, սակայն դրանք դժվար է տանը պատրաստել և օգտագործել։ Լրացուցիչ սնուցում է նաև թարմ մսի լվանալուց մնացած ջուրը։

Բույսերի բազմացումը։ Սենյակային բույսերը բազմացվում են սերմերով կամ բույսի տարբեր մասերով՝ կտրոններով (ցողունային, տերևային, արմատային), կոճղարմատի, պալարի, սոխուկի բաժանումով, արմատային ընձյուղներով, անդալիսով։

Բույսերի բազմացումը օրգաններով (վեգետատիվ բազմացում)։ Ս. բ. ավելի հաճախ բազմանում են իրենց օրգաններով, քան սերմերով, որովհետև այս ձևով առավել կարճ ժամկետում կարելի է ստանալ հասուն բույս։ Անհրաժեշտ է կտրոնները վերցնել երիտասարդ, առողջ, զարգացած բույսերից։ Երիտասարդ ընձյուղները (1-3, հազվադեպ ավելի շատ) տերևներով պետք է թեք կտրել հանգույցի տակից։ Կտրոնից հարկավոր է 1-2 տերև կտրել կամ կիսով չափ կարճացնել տերևները (գոլորշիացումը պակասեցնելու նպատակով), տնկել չեզոք տորֆի և ավազի խառնուրդի մեջ (ոչ խորը, բայց պնդացրած)՝ հողը կողքերից սեղմելով կտրոնի շուրջը։ Որպեսզի