օճառով) դեպքում այն կարող է օգտագործվել որպես ջուրը փափկացնող միջոց։ Կալցինացված Ս. կարող է առաջացնել մաշկի ուժեղ գրգռվածություն։ Այն հատկապես վտանգավոր է աչքերի համար։ Ս-ից գրգռված աչքը պետք է լվանալ ջրով կամ բորաթթվի թույլ լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ)։ Ալկալիների նման Ս. քայքայում է ալյումինե ամանեղենը, ուստի չի կարելի դրանք օգտագործել Ս-ի լուծույթ պատրաստելու և սպիտակեղեն եռացնելու համար։ Կալցինացված Ս. պետք է պահել փակ ամանում, քանի որ օդի ազդեցությամբ այն պնդանամ է։
Կաուստիկ Ս. (կծու նատրոն, կաուստիկ) բյուրեղանման կամ թեփականման սպիտակ նյութ է, որն օդից արագորեն խոնավություն է կլանում և լուծվելիս մեծ քանակության ջերմություն անջատում։ Կաուստիկը խորհուրդ չի տրվում գործածել կենցաղում, քանի որ այն վնասակար է առողջության համար։
ՍՈՍՆՁՈՒՄ, տան պայմաններում փայտե, ճենապակե, հախճապակե, ապակե, ռետինե, մետաղե, գործվածքե, թղթե զանազան իրեր սոսնձելու համար օգտագործում են հատուկ սոսինձներ։
Բուսական սոսինձները լինում են սպիտակուցային (օրինակ, սոյայից պատրաստված լեգումին), օսլայի (օսլա, դեքստրին) և խեժերից, բուսախեժերից ու բալզամներից պատրաստված (արաբախեժ, բնական կաուչուկ, գուտապերչ, դոճխեժ ևն)։ Կենդանական սոսինձներ են կոլագենի (ոսկրասոսինձ, փառասոսինձ, ձկնասոսինծ), կազեինի, ալբումինի սոսինձները։ Առավել տարածված են սինթետիկ հիմքով սոսինձները, որոնց պատրաստման համար օգտագործվում են սինթետիկ խեժ, էմուլսիա, լատեքս, կաուչուկ ևն։
Ս-ից առաջ սոսնձվող մակերևույթը խնամքով մաքրում են, անհրաժեշտության դեպքում՝ ճարպազերծում լուծիչով։
Փայտե իրերը սոսնձում են ատաղձագործական (փառասոսինձ կամ ոսկրասոսինձ), կազեինի կամ համապիտանի սինթետիկ սոսինձներով։ Ատաղձագործական սոսինձը թողարկվում է սալիկների տեսքով կամ մանրատված։ Փայտե իրեր նորոգելիս նախ պետք է հին սոսինձը խոնավացնելով փափկացնել (մոտ 2 ժամ վրան թաց շոր պահել), այնուհետև դանակով քերել։ Լուծույթ պատրաստելու համար հարկավոր է ատաղձագործական սոսնձի սալիկը մանրացնել, լցնել ամանի մեջ, ջուր ավելացնել (սոսնձի կտորներից մոտավորապես 5 սմ բարձր), 6-12 ժամ թողնել ուռչելու, այնուհետև ջրի մի մասը թափել և սոսինձը եփել։ Որպեսզի սոսինձը չայրվի, պետք է դնել եռացող ջրով մեկ այլ ամանի մեջ։ Սոսինձը գործածության համար պիտանի է 2 օր։ Խորհուրդ չի տրվում հին սոսինձը խառնել նորին։ Իրերի սոսնձվող մասերն անհրաժեշտ է լավ չորացնել։ Սոսնձվող մակերևույթները հարթեցնելու համար անհրաժեշտ է դրանք մշակել ռանդայով կամ խարտոցով, այնուհետև հղկել զմռնիտաթղթով (№ 100-140), փոշին հեռացնել խոզանակով և մակերևույթը սրբել ջրով կամ ացետոնով թրջած շորով։ Սոսնձի լուծույթը պետք է տաքացնել մինչև 50-60 °C, որպեսզի այն լավ թափանցի փայտանյութի ծակոտիների մեջ։ Չոր սոսնձաշերտի հաստությունը պետք է լինի 0,1-0,15 մմ։ Սովորաբար սոսինձը քսում են սոսնձվող երկու մակերևույթներին էլ։ Թելքի երկայնքով սոսնձելիս քսում են մեկ, կողամասերի Ս-ման դեպքում՝ երկու անգամ (երկրորդ շերտը առաջինի չորանալուց հետո)։ Սոսինձը քսելուց հետո պետք է թողնել, որ թաղանթը փոքր-ինչ չորանա (մատով փորձելիս այն պետք է լինի կպչուն և թելի նման ձգվի), այնուհետև մասերը միացնել, մի փոքր իրար քսել, որպեսզի սոսինձը հավասարաչափ տարածվի, մամլակով սեղմել և թողնել 2-3 ժամ (նրբատախտակ սոսնձելիս 4-5 ժամ)։ Հետագա մշակումը ցանկալի է կատարել 2 օր անց։
Մեծ խոնավության պայմաններում առարկաները հարկավոր է սոսնձել կազեինի սոսնձով, որի լուծույթը պատրաստում են փոշին սառը ջրով խառնելով (1:2 հարաբերությամբ)։ Փոշին լցնում են աստիճանաբար և խնամքով խառնում մինչև լրիվ լուծվելը։ Լուծույթը չի կարելի պահել 3-4 ժամից ավելի։ Փայտե իրերի Ս. կազեինային սոսնձով կատարվում է նույն կերպ, ինչ ատաղձագործական սոսնձով։
Ապակե, հախճապակե, ճենապակե, բյուրեղապակե, խեցե, պլաստմասսայե իրերը սոսնձում են սինթետիկ համապիտանի սոսինձներով («ԲՖ-2», «Մարս», «Մոմենտ-1» ևն)։ Սոսնձվող մակերևույթները խնամքով չորացնում են, մաքրամշակում, բարակ շերտով սոսինձ քսում։
Կաշվե իրերը սոսնձում են «Մոմենտ–1», «Նիտրոցելյուլոզային սոսինձ», «Մարս», «Ունիկում», «Ֆենիքս» և այլ սոսինձներով։ Եթե իրերը չեն գործածվում ջրային միջավայրում, ապա կարելի է կիրառել նաև ոսկրասոսինձ։ Սոսնձվող մասերը հարկավոր է մաքրել փոշուց և կեղտից, հղկամշակել խարտոցով կամ զմռնիտաթղթով ու 2 անգամ պատել սոսնձի բարակ շերտով՝ 30-40 րոպեանոց ընդմիջումով։
Ռետինե իրերը սոսնձում են «Ռետինի սոսինձ», «Ֆենիքս» և այլ սոսինձներով։ Սոսնձվող մասերը հարկավոր է մաքրել, լվանալ գոլ ջրով, չորացնել, հղկամշակել խարտոցով և զմռնիտաթղթով, այնուհետև սրբել բենզինով թրջած բամբակով։
Գործվածքի (սպիտակեղեն, բամբակե և բրդե վերնազգեստ, գորգ, պարկ, նրբաթաղիք ևն) Ս-ման համար կիրառում են «ԲՖ-6», «Մարս», «Ֆենիքս» և այլ սոսինձներ։ Սոսնձած գործվածքեղենը կարելի է լվանալ։
Պատռվածքի դեպքում կարկատանը դրվում է միայն երեսի կողմից։ Այն պետք է վնասված մասից մեծ լինի (1 սմ-ով դուրս գա պատռվածքի եզրերից)։ Վնասված մասի տակ պետք է դնել ստվարաթղթի կտոր, գործվածքը թրջել ջրով, ջրի ավելցուկը քամել կամ հեռացնել ծծան թղթով։ Հաստ գործվածքե իրը նորոգում են ավելի նուրբ կտորով, որին 2 անգամ բարակ շերտով սոսինձ են քսում և թողնում չորանալու (սոսինձը չպետք է կպչի մատին), ապա դնում վնասված մասին, ծածկում խոնավ շորով կամ թղթով, սեղմում տաք (120 °C) արդուկով, պահում 10-20 վայրկյան, նույնքան ընդմիջումներով կրկնում այդ գործողությունը մի քանի անգամ՝ մինչև գործվածքի չորանալը։
Անհրաժեշտ է հիշել, որ սինթետիկ սոսինձները դյուրավառ են, ուստի դրանցից օգտվելիս պետք է զգույշ լինել։
Թղթի, ստվարաթղթի, պապիեմաշեի, լուսանկարների Ս-ման (ինչպես նաև այս նյութերը ապակուն և փայտին փակցնելու) համար կիրառում են գրասենյակային սոսինձներ։ Սիլիկատային սոսինձն օգտագործում են միայն թուղթ և ստվարաթուղթ սոսնձելու համար։ Կիրառում են նաև ցորենի ալյուրի կամ կարտոֆիլի օսլայի սոսինձ, որը պատրաստելու համար անհրաժեշտ է օսլան