կամ ալյուրը բացել քիչ ջրով (1 թեյի գդալ՝ 1/5 բաժակ ջրին), այնուհետև խառնելով աստիճանաբար լցնել եռման ջուր (մեկ բաժակ լուծույթը պետք է պարունակի 20-25 գ օսլա)՝ ստանալով կիսեփ թանձրության սպիտակավուն-թափանցիկ զանգված։ Թանձր սոսինձը կարելի է նոսրացնել տաք ջրով։ Օսլայի սոսինձը երկար պահելու դեպքում փչանում է։
Պաստառի Ս-ման համար կիրառում են շրեշ, «Բուստիլատ-Մ», «Սոսինձ-71» և մի շարք այլ սոսինձներ, լվացվող պաստառի, սինթետիկ և խավավոր գորգերի, լինօլեումի և նիտրոլինօլեումի, սինթետիկ պլաստիկատների, պոլիմերների և խեցե սալիկների Ս-ման համար «Բուստիլատ-Մ», «Բուտիլաքս», «Ակրիլաքս» և այլ սոսինձներ։
Պոլիվինիլքլորիդային թաղանթի, վինիպլաստի, բոլոնիա գործվածքի Ս-ման համար խորհուրդ է տրվում օգտագործել «Ունիկում», «Մոմենտ-1» սոսինձները։ Իրերի նորոգման ժամանակ հարկավոր է նույն նյութից կտրված կարկատանին վրձնով սոսինձ քսել, անմիջապես դնել նորոգվելիք տեղին, ձեռքով սեղմել, ապա 2 ժամ դնել մամլիչի տակ, որից հետո մեկ օր թողնել չորանալու։
Կինոլուսանկարչական, մագնիտոֆոնի ժապավենների Ս-ման համար թողարկում են հատուկ սոսինձներ։ Սոսինձը քսում են կտրված ժապավենի ծայրերին, իրար վրա դնում և պահում 2-3 րոպե։
Մետաղների Ս-ման համար կիրառում են «ԲՖ-2», «Մոմենտ-1», «Ֆենիքս» և այլ սոսինձներ։
ՍՊԻՏԱԿԱՆԵՐԿ, սպիտակ գունանյութ, որը օլիֆի, ձեթի և այլ կապակցանյութերի հետ խառնելիս դառնում է սպիտակ ներկ։ Տարբերում են տիտանի, ծծմբի (լիթոպոն), ցինկի, կապարի Ս.։
Տիտանի Ս . (տիտանի երկօքսիդ) լայնորեն օգտագործվում է արտաքին և ներքին հարդարման աշխատանքներում կիրառվող մթնոլորտակայուն արծնաներկեր պատրաստելու համար։ Տիտանի երկօքսիդն ունի մեծ ծածկունակություն (1 մ² ներկվող մակերեսի համար նյութի ծախսը), չեզոք է և կարող է ավելացվել բոլոր տեսակի թաղանթագոյացնող նյութերի (լաք, օլիֆ) մեջ։ Պատրաստի Ս-ի ծածկունակությունը 50-70 գ է, անդրադարձման գործակիցը (ճերմակությունը)՝ 98,9 %:
Ծծմբի Ս. (լիթոպոն) նուրբ փոշի է, կիրառվում է ներքին հարդարման աշխատանքներում օգտագործվող արծնաներկի պատրաստման համար։ Մթնոլորտակայուն ծածկանյութեր պատրաստելու համար պիտանի չէ՝ լուսակայուն չլինելու պատճառով (լույսի ազդեցությամբ սևանում է)։ Լիթոպոնի ծածկունակությունը 110 գ է, անդրադարձման գործակիցը՝ 97,8 %:
Ցինկի Ս . օգտագործում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներում կիրառվող արծնաներկեր պատրաստելու համար։ Ունի մեծ մթնոլորտա- և լուսակայունություն, ծածկունակությունը 100-110 գ է, անդրադարձման գործակիցը՝ 99,7 %: Ցինկի Ս. խորհուրդ չի տրվում խառնել մեծ թթվային թիվ ունեցող լաքերի հետ (ներկի թանձրացումից խուսափելու համար)։ Լիթոպոնի և ցինկի Ս-երը թողարկվում են թանձրալեսած կամ օգտագործման պատրաստ ներկերի տեսքով։ Թանձրալեսած Ս. բացում են ձիթալաքով և բնական օլիֆով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել «Օքսոլ» օլիֆը, որը ներկաթաղանթին հաղորդում է դեղնավուն երանգ։ Ցինկի Ս-ով պատված մակերևույթի ճերմակությունը վերականգնելու համար պետք է սրբել ջրածնի գերօքսիդով թրջած լաթով։
Կապարի Ս. խիստ թունավոր լինելու պատճառով վաճառքի չի հանվում։
ՎԱՏՏ, էլեկտրական կամ մեխանիկական հզորության չափման միավոր։ Հայերեն կրճատ նշանակումը՝ Վտ, միջազգայինը` W։ Մեծ հզորություններ չափելու համար կիրառվում է կիլովատտ միավորը (կՎտ կամ kW. 1 կՎտ=1000 Վտ)։ էլեկտրաէներգիայի ծախսը չափվում է կիլովատտ.ժամ-ոՎ.
ՎԱՐԱԳՈՒՅՐ, օգտագործում են լուսամուտները, դռները, սենեկախորշերը վարագուրելու, սենյակի մի մասը մյուսից անջատելու նպատակով։ Վ-ների տարբեր տեսակների համար ընտրում են տարբեր գործվածքներ. վարագուրակտավ, բամբակե գործվածք, ռեպս, մետաքս, բուրդ, թավիշ, ապակեգործվածք, ինչպես նաև էլաստիկ սինթետիկ թաղանթներ, հատուկ մշակված ծղոտ, փայտե, մետաղական կամ պլաստմասսայե շերտաձողեր, սինթետիկ կտավ ևն։ Վ-ի կտորը, գույնը, նախշը, կախելու ձևը պետք է համապատասխանեն ոչ միայն սենյակի դերին, այլև չափերին, համամասնություններին և կահավորանքին։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև սենյակի կողմնորոշումը և բնական լուսավորությունը։
Վ-ի տեսակներ։ Թեթև Վ-ները լինում են թափանցիկ կամ դաջովի գործվածքից, շղարշից, ցանցից, ժանյակից (հիմնականում սպիտակ կամ թաց գույների հարթ կամ նախշավոր գործվածքից, ասեղնագործ կամ դրվագազարդ)։ Որպես կանոն, թեթև Վ. չեն բացում։
Լուսամուտները կարելի է վարագուրել նաև կիսաթափանցիկ կարճ Վ-ով (լուսամուտագոգից 70-80 սմ բարձրությամբ), որի համար օգտագործում են բարակ գործվածք, շղարշ, ժանյակակտավ։
Ծանր Վ-ների համար օգտագործում են անթափանց գործվածք։ Տարբերում են բարձրացնովի և քաշովի Վ-ներ։ Վերջիններս ծալքավորում են ուղիղ հավասար ծալքերով։ Բարձր առաստաղով սենյակում ծանր Վ-ի վերին մասը կարելի է գեղազարդել կարճ (հարթ կամ ձևավոր) կրկնավարագույրով (լամբրեկեն)։ Դրա բարձրությունը պետք է կազմի լուսամուտի կամ դռան բարձրության 1/5 մասը։ Ծանր Վ-ները ծառայում են սենյակը արևի ճառագայթներից, դրսի աղմուկից պաշտպանելու համար։
Դռան Վ-ները (սենյակի կողմից) պատրաստում են անթափանց խիտ գործվածքից։ Դրանք օգտագործում են սենյակը լույսից և աղմուկից պաշտպանելու, ինչպես նաև գեղազարդման նպատակով։
Ընդհանուր սենյակում (ամենամեծը՝ բնակարանում) խորհուրդ է տրվում կախել թեթև և ծանր Վ-ներ՝ ծալքավորելով ազատ, ուղղաձիգ ծալքերով։ Ամրակման համար կարելի է օգտագործել զարդագեղ բարձակներին ամրացված փայտե կամ մետաղական ձողեր, կահույքի գույնի կամ սպիտակ ներկած փայտե քիվեր։
Ննջասենյակում նախընտրելի են հանգիստ գույների, միագույն կամ ծածկոցների նախշերին և գույնին ներդաշնակող նախշերով լուսամուտի Վ-ներ։ Ննջարանի համար պետք է ընտրել անթափանց խիտ գործվածք՝ սենյակը լույսից պաշտպանելու համար։
Մանկական սենյակում ցանկալի է օգտագործել հեշտ լվացվող բամբակե Վ-ներ։ Նախընտրելի են տաք գույների, վանդակավոր, զոլավոր, երկրաչափական